Հասարակություն 

Տիգրան Սարգսյանը կարողացավ արտաքին ներդրողներին համոզել, որ Հայաստանի բանկային համակարգը կայուն է. Ահարոն Ադիբեկյան

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական ընկերության նախագահ Ահարոն Ադիբեկյանը գտնում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց պաշտոնից, քանի որ նրա ինքնասիրությունը խոցվեց, և որպես բարոյական մարդ, նա պետք է դիմեր այդ քայլին։

 

«Լինելով վարչապետ` նա ուներ ռազմավարական նպատակներ, նա բավականին լավ էր պատկերացնում, թե ինչ էր պետք Հայաստանի զարգացման համար։ Նա հիասթափվեց մեզնից, որ մենք չաջակցեցինք նրա ծրագրերին»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա։

 

Ինչ վերբերում է պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի ներդրմանը՝ Ադիբեկյանը նշեց, որ կուտակայինին անցել են 56 երկրներ, և Տիգրան Սարգսյանի ամենամեծ հիասթափությունն այն էր, որ նրան չհասկացան, չհասկացան նրա բարի մտադրությունները։

 

«Բոլորին էլ քննադատում են, այստեղ խնդիրն այն է, ՍԴ-ն ոչ թե պետք է օրենքի տառին հետևեր, այլ շնչին և հոգուն, ՍԴ-ն ասել է, որ մի քանի կետեր կան, որոնք պետք է շտկվեն»,-ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչու հենց հիմա խոցվեց վարչապետի ինքնասիրությունը։

 

Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ Տիգրան Սարգսյանը կարողացավ արտաքին ներդրողներին համոզել, որ Հայաստանի բանկային համակարգը կայուն է։

 

«Հայերն ունեն մի շատ վատ սովորույթ, դեմքը, որը կա առաջին դիրքում, չի տեսնում իր հետնորդին։ Մեզ պետք է այնպիսի վարչապետ, որ անձնական կապեր ունենա ֆինանսական ընկերությունների հետ, ես մեր քաղաքական աստղերի շարքում նման դեմք չեմ տեսնում»,- ասաց նա՝ նշելով, թե չգիտի նախագահը ում կնշանակի, բայց Տիգրան Սարգսյանի նման մակարդակի ֆինանսիստ Հայաստանը չունի։

 

Ադիբեկյանը նաև ընդգծեց, թե երկիրը պառակտված է, և մարդ չի կարող բոլորի համար լավ լինել, բոլորի սրտով անել։ 

Նույն շարքից