Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ԱԺ նիստի ընթացքում ադրադարձավ ՀՀ պետական պարտքին։
«Բեռլինում՝ քաղաքի կենտրոնական մասերից մեկում, կա ցուցատախտակ, որտեղ ամենօրյա ռեժիմով ցուցադրվում է երկրի պարտքը, և դինամիկան, որ անընդհատ փոխվում է։ Այն ցույց է տալիս տվյալ կառավարության ստեղծագործ կամ մսխող բնույթը։ Եվ այստեղ այնքան էլ կարևոր չէ վարկի բացարձակ չափը, այլ պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի հետ և նրա ստեղծագործական լինելը՝ երկրի ստեղծած պրոդուկտի հետ։ Մեր վերցրած պարտքերն ամենևին էլ ստեղծագործական չեն, այլ մսխվող պարտքեր են»,-ասաց Մանուկյանը։
Պատգամավորը ասաց, որ նախորդ տարի մեր երկրի պետական պարտքը կազմել է 4,4 մլրդ դոլար, այս տարի՝ 5 մլրդ։
«Հիմա սպասվում է 5,6 մլրդ դոլար։ Արտաքին պարտքն աճել է 1,1 մլրդ-ով՝ հասնելով 4,8 մլրդ-ի։ Կենտրոնական բանկի պարտքը 440 մլն-ից հասել է 550 մլն-ի։ 2008 թ. Սերժ Սարգսյանի իշխանության սկզբում մեր պետական պարտքը եղել է 1,6 մլրդ դոլար։ Նայեք դինամիկան. 1,6 մլրդ-ից ձեր իշխանության ժամանակ թիվը դարձել է 5,6 մլրդ։ Միայն Հովիկ Աբրահամյանի իշխանության ժամանակ 1,7 մլրդ-ով ավելացել է մեր պետական պարտքը։ Սա է մեր պարտքերի սարսռող , ոչ հեռանկարային տնտեսական զարգացումը»,-շեշտեց պարոն Մանուկյանը։
Մանուկյանը դիմեց խորհրդարանում ներկա պատասխանատուներին. «Պարոն նախարար, պարոն վարչապետ, 1 տարի առաջ դուք կանխատեսում եք արել, ռազմավարական ծրագիր եք մշակել, որ իջեցնեք 37 տոկոսի պարտքի հարաբերակցությունը, բայց հիմա դարձել է 49 տոկոս։ Մենք եկող տարի մարելու ենք բյուջեից 320 մլն դոլար։ 2020 թվականին դա անցնելու է 400 մլն դոլարը: Այսօր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու վրա մեր պետական պարտքի բաժինը հասնում է 1590 դոլարի, ընդ որում՝ նաև այդ օրը ծնված երեխայի վրա։ Սա վաղվա օրը կործանող բյուջե է։ Մեր կառավարությունը մսխող կառավարություն է»։