Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ փոխնախագահ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը 2016թ-ի բյուջեի քննարկմանը ասաց, որ բյուջեի կազմումը հնարավորի արվեստ է՝ հատկապես մեր իրավիճակում գտնվող պետության համար:
Նա անդրադարձավ աշխարհում բացասական զարգացումներին, որոնք, ըստ նրա, այդքան էլ բարեհաճ չեն երկրի տնտեսության զարգացման համար, բայց այդքանով հանդերձ՝ այս տարի գրանցվել է 4,2 % աճ:
«Եղան ելույթներ իշխանությանը և կառավարությանն ամեն գնով սևացնելու՝ հանիրավի կամ արդարացի միտումով, նաև ձեռքբերումները չտեսնելու միտումով»,-ասաց նա և միացավ ԱԺ նախագահի առաջարկին՝ ողջունել այն գործընկերներին, որոնք թեկուզ քննադատում, բայց սրտացավ առաջարկություններով են հանդես գալիս:
Ըստ նրա՝ այս բյուջեով կայունություն է ապահովվում, որը բարդ հասանելի խնդիր է, բայց դրված է, և այս կառավարությունը հասցնում է, թեև տեմպերը չեն բավարարում:
ԱԺ փոխնախագահը ասաց նաև, որ գյուղատնտեսության ոլորտում աճ ու արդյունքներ կան: Ըստ նրա՝ ամբողջ տարին նախարարը և աշխատակազմը գյուղացու կողքին են եղել, և դա արդյունք տվել է, չնայած հիշեց՝ ճիշտ է խնդիրներ էլ կան:
«ՀՀ-ի ապագան իրական հատվածի զարգացման մեջ է, և վստահ եմ, այդպես է մտածում ՀՀ կառավարությունը»,-ասա նա: