«2015 թվականը Բյուրականի աստղադիտարանի համար եղավ տարբեր ենթակառուցվածքների վերականգնման և վերազինման տարի»,- այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը՝ ամփոփելով անցնող տարին։
Նրա խոսքով՝ 2015թ. Միջազգային աստղագիտական միության որոշմամբ Բյուրականի աստղադիտարանը հռչակվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, ինչը լուրջ ձեռքբերում է. «Դրա շնորհիվ հուլիսի 1-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում հաշվի առնելով Բյուրականի աստղադիտարանի նոր կարգավիճակը՝ որոշվեց մշակել աստղադիտարանի ռազմավարական ծրագիր և բարեփոխել կառավարման համակարգը։
Արդյունքում մենք արդեն ձեռք ենք բերել երկու խոշոր դիտակներ։ 2,6-մետրանոց ու 1-մետրանոց այդ խոշոր դիտակներով մենք այս տարվանից արդեն կարող ենք դիտումները վերսկսել։ Առաջին անգամ մեզ հաջողվեց ձեռք բերել նաև նոր լուսաընդունիչ սարք, ընդ որում՝ պատվիրել մեր ունեցած ֆինանսների հաշվին։ Փաստորեն այդ մեծ դիտակի վրա մենք կունենանք մի քանի լուսաընդունիչ սարքեր, որոնք թույլ կտան ժամանակակից մակարդակով դիտումներ անել։ Մեզ կմնա աշխատողների պրոֆեսիոնալիզմն ու Աստծո կամքը, որպեսզի ունենանք նորմալ եղանակ՝ դիտումներ կատարելու համար»,- նշեց պարոն Հարությունյանը։
Հարությունյանը նշեց նաև, որ վերջին շաբաթվա ընթացքում Բյուրականի աստղադիտարանը մեծ վնասներ է կրել փոթորիկի պատճառով՝ տուժել են գրեթե բոլոր շենքերի տանիքների, այգին, կոտրվել են բավականին հին ծառեր. « Այս պահին փորձում ենք վերականգնել կորուստները, հնարավորինս ամեն ինչ անում ենք, որպեսզի ձմռանը բաց երկնքի տակ չմնան մեր շենքերը: Դիմել ենք համապատասխան մարմիններին, տեսնենք, ինչ կկարողանանք արագ վերականգնել»,- նշեց Հարությունյանը:
Նշենք, որ այս տարի անցկացվել է նաև երկու գիտաժողով, որոնցից մեկը հայ-իրանական է եղել. «Առաջին անգամ մենք Իրանի մասնագետներին բերեցինք Հայաստան ու այստեղ համատեղ աշխատանք կատարեցինք։ Մյուսը կապված էր մեծ բազաների ուսումնասիրության հետ»։
Ինչ վերաբերում է եկող տարվան, ապա Հայկ Հարությունյանի խոսքով՝ այն Բյուրականի աստղադիտարանի համար հոբելյանական է լինելու. «Լրանում է աստղադիտարանի ստեղծման 70 տարին, և բնական է՝ մենք մեծ ցանկություն ունենք, որ մեր բոլոր գործիքներն արդեն այդ տարում լիարժեք աշխատող լինեն, երկար ընդմիջումից հետո վերջապես կարողանանք ժամանակակից մակարդակով դիտումներ կատարել։
Բնական է նաև, որ այդ տարվա ընթացքում լինելու են և՛ մեծ մասշտաբի միջազգային գիտաժողովներ, լինելու են հյուրեր, ինչպես նաև կկազմակերպվի մեր ավանդական միջազգային դպրոցը երիտասարդ աստղագետների համար։ Ընդ որում՝ շատ հավանական է, որ այս տարի այդ դպրոցը կազմակերպվի Եվրոպական հարավային աստղադիտարանի հետ միասին։ Այդպիսի մի դպրոց վերջին անգամ կազմակերպվել է 1987թ.»,- ընդգծեց նա։
Գաղտնիք չէ, որ Հայաստանում մասնավորապես գիտական ներուժն արտագաղթի ճանապարհն է բռնում և գնում է այլ երկրներ՝ աշխատելու։ Այս մասով՝ Բյուրականի աստղադիտարանը նոր կադրերով համալրվելու խնդիր ունի՞։
«Analitik.am»-ի այս հարցին պարոն Հարությունյանը պատասխանեց, որ ինչպես բոլոր կազմակերպությունները, Բյուրականի աստղադիտարանը նույպես մեծ քանակությամբ մասնագետներ է կորցրել, և պրոֆեսիոնալ գիտաշխատողների պակասն իսկապես զգացվում է. «1990-ական թվականներից հետո այդ գործընթացը փոքր-ինչ թուլացավ, բայց շարունակվում է մինչև հիմա։ Միևնույնն է, Արևմուտքում գիտական աշխատանք կատարելու համար պայմանները շատ ավելի լավն են, և վարձատրությունն էլ՝ անհամեմատ ավելի բարձր։
Այնուամենանիվ գոյություն ունի նաև ներհոսք, այսինքն՝ գալիս են նոր ավարտած գիտաշխատողներ, որոնք որոշում են Բյուրականի աստղադիտարանում աշխատել։ Կան նաև ինֆորմացիոն տեխնոլոգիայի մասնագետներ, որ շատ երազում են հենց մեզ մոտ աշխատել, իսկ մենք էլ նրանց կարիքը շատ ունենք»,- ավելացրեց նա։