Հասարակություն 

Երևանյան հագուստի խանութում դրամապանակ գողացողին ֆիքսել է տեսախցիկը (լուսանկարներ)

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող հագուստի խանութներից մեկում կատարված գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժինը։

2015 թվականի օգոստոսի 27-ին քաղաքացուց  ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող հագուստի խանութներից մեկում առերևույթ հանցագործություն կատարած անձն իր պայուսակից հափշտակել է դրամապանակը, որում եղել է բանկային քարտ, կանխիկ զգալի գումար։

Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են խանութում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որոնք զննվել են գողության մասին հաղորդում ներկայացրած կնոջ մասնակցությամբ։  Վերջինիս հայտարարության համաձայն՝ իր դրամապանակը հափշտակել է տեսագրության մեջ երևացող՝ նիհար կազմվածքով, կարճ սանրվածքով, սև մազերով, մեծ սուր քթով, մուգ մաշկով երիտասարդը, ում հագին այդ պահին եղել է կապույտ վերնաշապիկ, սև տաբատ:

Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով  միջոցներ են ձեռնարկվում՝ նշված երիտասարդի ինքնությունը պարզելու և  հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

67 66 65

Նույն շարքից