Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ՀՀ կառավարությունը միանգամից երկու որոշում ընդունեց՝ կապված աղետի գոտում սեփականության վկայագրերի տրամադրման և գյուղական համայնքներում դատական կարգով իրավունքը վերականգնած քաղաքացիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ նախարարությունն այս պահին իրականացնում է Գյումրի քաղաքի «Մուշ 2» և «Անի» թաղամասերում կառուցված 38 բազմաբնակարան շենքերի 1756 ընտանիքների բնակարանների նվիրատվության գործընթացը:
«Չորս ամիս առաջ է սկսվել է գործընթացը և արդեն 830 պայմանագիր կա կնքված: Մինչև մարտ ամիս գործընթացը կավարտվի: Մնացել է շենքերի նկուղային հարկերը և հողամասային տարածքները, որոնք կառուցապատված չեն և մնացել են որպես պետական սեփականություն, այս որոշումով մենք այն նվիրաբերում ենք Գյումրի համայնքին»,-ասաց նա:
Անդրադառնալով հաջորդ որոշմանը, Նարեկ Սարգսյանը նշեց, որ կառավարության որոշմամբ 2014թ-ին հատկացվել է շուրջ 1.5 մլրդ դրամ Գյումրիում սկսելու մոտ 450 ընտանիքների բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը:
«Այդ գումարով 223 ընտանիքների տրամադրվեցին վկայագրեր, առաջին փուլն ավարտվեց ու այս որոշումներով սկսում ենք գնման վկայագրերով մնացած 250 ընտանիքների տրամադրման գործընթացը: Այսօր տրամադրում ենք 85 մլն 475 հազ. դրամ երկրորդ փուլի մեկնարկը սկսելու համար,և ընթացքում կհամալրենք անհրաժեշտ գումարները»,-ասաց նա:
Նախարարը նաև նշեց, որ նախագծով տրամադրվում է ևս 60 մլն դրամ Վանաձոր քաղաքում նորից գնման վկայագրերով շուրջ 14 ընտանիքների ապահովելու համար և 39 մլն դրամ՝ որպես ֆինանսական աջակցություն Լոռու մարզի գյուղական համայնքների 13 ընտանիքների և 6 մլն դրամ Շիրակի մարզի գյուղական համայնքների 2 ընտանիքի:
Վարչապետը նշեց, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ 2008թ-ից մոտ 200 մլն դոլարի չափով գումար է հատկացվել գործընթացի համար, բայց կարծես լավ չի լուսաբանվել:
«Գործընթացը հետևողականորեն պետք է տանենք առաջ»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: