Քաղաքական 

Ասադը Թուրքիային մեղադրել է ահաբեկիչներին ֆինանսական ու ռազմական օգնություն տրամադրելու մեջ

Սիրիական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ֆրանսիական «Վալեր Ակտուել» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ կարծիք է հայտնել, որ Թուրքիան, բազմակողմ աջակցություն ցուցաբերելով ԴԱԻՇ և «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին, բացասական դեր է խաղում Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում:

«Թուրքիան առավել բացասական դեր է խաղում մեր ճգնաժամում։ Դա ուղիղ կապված է Էրդողանի ու Դավութօղլուի հետ։ Գաղափարախոսությունը, որը նրանք կրում են իրենց սրտերում, «Մուսուլման եղբայրների» գաղափարախոսությունն է»,- ասել է Ասադը։

Սիրիայի նախագահն ընդգծել է, որ Թուրքիայի գործողությունները Սաուդյան Արաբիայի ու Կատարի համեմատ՝ ամենավտանգավոր դերն են խաղում ընդհանրապես, քանի որ Թուրքիան ցանկացած տեսակի աջակցություն է ցուցաբերել այդ ահաբեկիչներին:

«Մի շարք երկրներ աջակցում են «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորմանը, մյուսները՝ ԴԱԻՇ-ին, իսկ ահա Թուրքիան աջակցում է երկու խմբավորումներին ու մյուս ավազակային կազմավորումներին։

Նա նրանց աջակցում է մարդկային ռեսուրսներով, սպառազինում է զինյալներին, ֆինանսավորում է նրանց, օգնում է նրանց հետախուզությամբ և անհրաժեշտ այլ բաներով։ ԴԱԻՇ-ը նավթ է վաճառում Թուրքիային»,- հայտնել է Ասադը։

Նույն շարքից