Հայաստան Տնտեսություն Քաղաքականություն 

ՀՀ-ում գործում են մոտ 340 հյուրանոցային տնտեսություններ, որոնցից 20-ը կառուցվել է վերջին 3 տարիներին

analitik.am

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Մատենադարանում մասնակցել է «Իմ Հայաստան. մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում» ծրագրի պաշտոնական մեկնարկին: Այն մշակվել է ՀՀ կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) և մշակույթի պահպանման ասպարեզում հայտնի Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում և միտված է ազգային մշակույթի պահպանմանը՝ Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացման միջոցով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչապետը, ողջունելով ներկաներին, նշել է, որ այս ծրագիրը ՀՀ կառավարության, ԱՄՆ ՄԶԳ և Սմիթսոնյան ինստիտուտի հաջողված համագործակցության արդյունք է, և ՀՀ կառավարությունը պատրաստ է շարունակել և զարգացնել փոխգործակցությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այսօր զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության գերակա ճյուղերից է և մեծ ազդեցություն ունի թե´ համաշխարհային տնտեսության կառուցվածքի և ընդհանուր իրավիճակի և թե´ տարբեր երկրների ու տարածաշրջանների տնտեսությունների վրա։

«Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունը զարգացման տեմպերով և արդյունքներով առավել դինամիկ զարգացող ճյուղերից է: 2014 թ. Հայաստան է այցելել մոտ 1 մլն 204 հազար զբոսաշրջիկ, ինչը 11.3 տոկոսով ավելի է 2013 թ. ցուցանիշից: Անցյալ տարի ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 860 հազար, ինչը 28.4 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի: Միևնույն ժամանակ Հայաստանում զգալիորեն ակտիվացել է հյուրանոցաշինությունը: Կատարվող ներդրումների շնորհիվ ներկայում մեր երկրում գործում են մոտ 340 հյուրանոցային տնտեսություններ, որոնցից 20-ը կառուցվել են վերջին 3 տարիներին», - նշել է վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրում նաև օդային տրանսպորտային հասանելիության ապահովման ուղղությամբ:

«2013 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարվեց «Բաց երկնքի» քաղաքականություն: Այս ընթացքում բանակցություններ են տարվել ավելի քան 30 օտարերկրյա ավիաընկերությունների հետ` վերջիններիս Հայաստանի Հանրապետության շուկա ներգրավման նպատակով», - ասել է Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարը կարևորել է առավելագույն ջանքերի գործադրումը՝ առկա  ներուժն օգտագործելու և կայուն համաչափ տնտեսական զարգացման ու բնակչության կենսամակարդակի բարձրացման գործընթացում զբոսաշրջության ներդրումը մեծացնելու ուղղությամբ: «Ցանկանում եմ հատուկ նշել Հայաստանի մշակութային ժառանգության դերը, որն անփոխարինելի տեղ է գրավում համաշխարհային մշակութային ժառանգության գանձարանում և կարևոր խթան է հանդիսանում Հայաստանում գերակայություն հռչակված զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացման համար», - շեշտել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ վերջին տարիներին հատկապես կարևորվում են համաշխարհային զբոսաշրջության մարտահրավերների և զարգացումների արդյունքում մշակութային ժառանգության և բազմազանության պահպանմանը նպաստող նախաձեռնությունները, որոնք այսօր արդիական են և համաշխարհային կարևորություն ունեն:

«Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է երկրի համաչափ կայուն զարգացման գործընթաց, որը ենթադրում է նոր ենթակառուցվածքների ստեղծում, մշակութային ժառանգությամբ հարուստ պատմական քաղաքների զարգացում և ընդլայնում: Այս առումով հրատապ են մշակութային ժառանգության և երկրի կայուն զարգացմանն ուղղված գործընթացները, որոնք հնարավորություն կընձեռեն պահպանելու մշակութային ժառանգությունը` հանրահռչակելով և այն դիտարկելով որպես երկրի կայուն զարգացման սոցիալական և տնտեսական ռեսուրս: Շատ կարևոր է նաև Հայաստանում Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ մեկնարկող Տեղական տնտեսության և զբոսաշրջության ենթակառուցվածքի զարգացման ծրագիրը, որն ուղղված է անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացմանը:

Մենք կարևորում ենք Հայաստանի կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև ձևավորված համագործակցությունը: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացված և իրականացվող այս և նմանատիպ այլ  ծրագրերը տնտեսական աճի ապահովման, ժողովրդավարության և կառավարման, առողջապահության, սոցիալական պաշտպանության ոլորտներում կարևորվում են մեր պետության կայուն զարգացման տեսանկյունից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ և աջակցել ցանկացած ծրագրերի և նախաձեռնությունների իրագործմանը, որոնք բխում են մեր երկրի ու ժողովրդի շահերից», - եզրափակել է կառավարության ղեկավարը՝ վստահություն հայտնելով, որ ծրագիրը կնպաստի աշխարհում Հայաստանի հոգևոր և մշակութային ժառանգության ներկայացմանը և կխթանի զբոսաշրջության զարգացումը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը և Սմիթսոնյան ինստիտուտի Միջազգային կապերի գրասենյակի ավագ խորհրդատու Հալի Բաթվինը:

ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Իմ Հայաստան. մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում» քառամյա ծրագրի նպատակն է զարգացնել և ընդլայնել մշակութային զբոսաշրջությունը Հայաստանի մարզերում՝ հետազոտությունների, գիտական գործունեության, արհեստների սատարման, կարողությունների բարձրացման և տուրիզմի զարգացման հանդեպ ոչ ավանդական մոտեցման կիրառման միջոցով: Ծրագիրը կոչված է նաև նպաստելու երկրի գյուղական համայնքների զարգացմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի մասին իրազեկվածության բարձրացմանը, մեր երկրի բնական և մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: Ծրագրին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ[email protected] էլեկտրոնային կայքում: 1846 թ. հիմնադրված Սմիթսոնյան ինստիտուտն աշխարհի խոշորագույն թանգարանն ու հետազոտական համալիրն է, որի կազմում մտնում է 19 թանգարան և պատկերասրահ, Ազգային կենդանաբանական այգին և 9 հետազոտական հաստատություն: Ինստիտուտի պատմական կամ գեղարվեստական արժեք ունեցող իրերի և նմուշների մոտավոր թիվը 138 մլն է:

Նույն շարքից