Հասարակություն 

Մարզում գրանցված քաղաքացին կարող է հանրաքվեին մասնակցել Երևանում. Մնացական Բիչախչյան

analitik.am

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց, թե ինչպես կարող է մարզում գրանցված քաղաքացին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել Երևանի ընտրատարածքներից մեկում:

«Ընտրական օրենսգրքով  հստակ սահմանված են մեխանիզմներ, երբ անձը, եթե քվեարկության օրը գտնվելու է այլ համայնքներում, իրավունք ունի դիմելու տվյալ անձնագրային ծառայություն և ընդգրկվելու իր բնակության վայրին ավելի մոտ ընտրական տեղամասում: Կկազմվի լրացուցիչ ցուցակ, անձի տվյալները կհանվեն հիմնական բնակության վայրի հաշվառումից և կընդգրկվեն լրացուցիչ ցուցակում։ Վերջնական ցուցակը հրապարակելիս, իհարկե, անձի տվյալները չեն լինի իր հիմնական բնակության վայրի հաշվառումում»-ասաց նա:

Մնացական Բիչախչյանը կոչ արեց քաղաքացիներին այս փուլում լինել առավել ակտիվ:

«Օրենքով ընձեռված է հնարավորություն՝ ցուցակներում ճշգրտման աշխատանքներում դիմումներ ներկայացնել, և այդ դիմումները կարող են ներկայացվել ինչպես իր անձի, այնպես էլ այլ անձի վերաբերյալ»,-ասաց նա:

Նա նաև հայտնեց, որ ոստիկանության պետի հրամանով ստեղծվել է թեժ գիծ ծառայություն՝ 370236 հեռախոսահամարով, որը գործում է նույնիսկ շաբաթ և կիրակի օրերին:

Նույն շարքից