Բելգիայի մայրաքաղաքում ոստիկանությունը և բանակը սկսել են հատուկ գործողությունը: Փակ են Բրյուսելի կենտրոնական՝ Գրան Պլաս հրապարակը և նրա շրջակա փողոցները:
Զինվորականները, հատուկ ջոկատայինները և ոստիկանները շրջապատել են Գրան Պլասից 300 մետր հեռավորության վրա գտնվող Radisson Blue հյուրանոցը: Ոստիկանները բարձրախոսներից հորդորում են այդ տարածքում բնակվողներին դուրս չգալ տներից և չմոտենալ պատուհաններին:
Նշենք, որ ուրբաթ օրվանից կյանքը Բրյուսելում կաթվածահար վիճակում է: Մարդիկ գերադասում են առանց սուր անհրաժեշտության տներից դուրս չգալ:
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել է, որ ևս մեկ օրով կերկարաձգվի ահաբեկչության սպառնալիքի ամենաբարձր՝ չորրորդ աստիճանը և երկուշաբթի ևս բոլոր դպրոցները, համալսարանները և մետրոպոլիտենը կմնան փակ:
Հ.Գ. Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի 13-ին Փարիզում կազմակերպված ահաբեկչությունների կազմակերպիչը Բրյուսելի Մոլենբեկ թաղամասի բնակիչ Աբդելհամիդ Աբաուդն էր: Փարիզյան ահաբեկչության զոհերի թիվը այս պահի դրությամբ 129 է: