2015 թ-ի տարեսկզբի դրությամբ ՀՀ-ի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 մլն 10 հազ. 600 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 6500-ով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը` Ազգային վիճակագրական ծառայության կողմից «Հայաստանի սցիալական պատկերը և աղքատությունը» ցուցանիշների ներկայացման շրջանակում։
Նրա խոսքով՝ բնակչության նվազումը ձևավորվել է բնակչության բնական հավելաճի և միգրացիայի մնացորդի ցուցանիշների ազդեցությամբ։
«2014թ-ին ունեցել ենք շուրջ 15 հազ. բնական հավելաճ և 21 հազ. 800 բացասական միգրացիայի մնացորդ, որի արդյունքում նվազման տենդենցը մի քիչ ավելի մեղմվել է։ Իսկ 2014թ-ի բնակչության բնական շարժերի ցուցանիշում գրանցվել էր աճ, որովհետև ծնունդների թվաքանակը ավելացել էր 43 հազ. 31-ով, որը, նախորդ տարվա համեմատ, բավական ավելացել էր և արձանագրել շուրջ 3%-ով աճ»,-ասաց նա։
Իսկ կյանքի սպասվող տևողությունը կանանց համար ավելի բարձր է գնահատված. կանանց կյանքի սպասվող տևողությունը կազմում է 78.1 տարեկան, տղամարդկանցը՝ 71.8 տարի։
Ինչ վերաբերում է միգրացիային, ապա Կարինե Կույումջյանը նշեց, որ բնակչության տեղաշարժերում տնային տնտեսություններից ներգրավված են եղել 8.9%-ը, ինչը արձանագրվել է 2011-2014թթ-ի միջակայքում։
«Մենք այդ չորս տարիներին ենք ուսումնասիրություն իրականացրել և 2014թ-ի տվյալներով միգրացիոն գործընթացներում ներգրավված են եղել տնային տնտեսության 15 և բարձր տարիքի անդամների 65.4%-ը, բացակայողները կազմել են 171 հազ. մարդ, հաշվետու ժամանակահատվածում՝ 2014թ-ին դրությամբ, նրանք դեռևս չեն վերադարձել, իրենց մեկնումներից վերադարձել են շուրջ 90 հազ. մարդ»,-ասաց նա։
Նա նաև հայտնեց, որ միգրացիոն գործընթացներում ներգրավվածներից 0.6%-ն առաջին անգամ հանրապետություն ժամանած միգրանտներն են, որոնք կազմում են 14 հա. 500 մարդ։
«2011-2014թթ-ի միջակայքում գնահատել ենք, թե տարեկան միջին հաշվով ինչքան միգրանտներ ենք ունեցել. նրանք կազմում են 21 հազ. 200 միջին հաշվով»,-ասաց նա։