Հայաստան Քաղաքականություն 

Վարչապետը կարևորել է ՀՀ և Իրանի համագործակցությունը

analitik.am

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Վարչապետը շնորհավորել է պարոն Սաջադիին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրա ակտիվ գործունեությունը կնպաստի երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հայ-իրանական փոխգործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է տնտեսության տարբեր ճյուղերում կապերի ընդլայնումը և համոզմունք հայտնել, որ Հայաստանի և Իրանի կառավարությունների սերտ փոխգործակցությունը, նախորդ ամիս տեղի ունեցած ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի  պաշտոնական այցը ՀՀ և երկու երկրներում անցկացված գործարար համաժողովները նոր թափ կհաղորդեն համատեղ ծրագրերի իրականացմանը:

Դեսպան Սաջադին վարչապետ Աբրահամյանին է փոխանցել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույններն ու նշել, որ պատրաստ է իր ակտիվ աշխատանքով ջանքեր ներդնել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար: Դեսպանը բարձր է գնահատել վարչապետ Աբրահամյանի գործուն մասնակցությունը հայ-իրանական տնտեսական փոխգործակցության խորացման հարցում և վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ ուղղությամբ կգրանցվեն մեծ հաջողություններ: Սեյեդ Քազեմ Սաջադին ընդգծել է, որ դրանում մեծապես շահագրգիռ են նաև Իրանի իշխանությունները:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-իրանական համատեղ տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

Նույն շարքից