Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանին կփոխարինի Գեորգի Մուրադյա՞նը

analitik.am

Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանն արդեն քանի անգամ է ներքաշվում է սկանդալային պատմությունների մեջ: Դեռևս հուլիս ամսին մամուլում հրապարակվեց այն մասին, որ Անդրանիկ Մանուկյանը նշանակվելուց ի վեր կեղծ դիվանագիտական համարանիշեր է տրամադրել քրեական հեղինակություններին, որոնք դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվելով՝ տարբեր ապօրինություններ են թաքցրել կասկածելի բեռներ են տեղափոխել եւ գործարքներ ձեւակերպել: Մանուկյանը հերքեց այդ լուրերը, այնուհետև սկանդալը հանդարտվեց և մոռացվեց:

Ուկրաինայի իշխանությունները սակայն շարունակեցին ահազանգեր ուղարկել Հայաստան այն մասին, որ Մանուկյանի գործելաոճը չի համապատասխանում իրենց որդեգրած քաղաքականությանը, և վերջինս օգտվելով դիվանագիտական անձեռնմխելիությունից շարունակում է սեփական բիզնեսի զարգացմանն ուղղված գործունեություն ծավալել:

Օրերս էլ ուկրաինական СorruptUA պարբերականը գրել էր, որ Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի մտերիմ ընկերոջ շքեղ առանձնատունը դարձել է Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի նստավայրը: Ուկրաինական լրատվամիջոցը փաստում է՝ առանձնատան սեփականատերը Մարինա Ժուրավլյովան է՝ Յանուկովիչի իշխանության տարիներին Անտառային ռեսուրսների գործակալությունը ղեկավարած Վիկտոր Սիվեցի կինը: Սեփականության իրավունքի ռեեստրում չի եղել տեղեկություն այն մասին, որ առանձնատունը վարձով է տրվել:

Վկայակոչելով անշարժ գույքի շուկայի մասնագետների մոտավոր հաշվարկները՝ պարբերականը նշել էր, որ Կիևի կենտրոնի էլիտար թաղամասում գտնվող այդ առանձնատան միջին գինը կազմում է 2 միլիոն 400 հազար դոլար:

Ըստ պարբերականի, Անդրանիկ Մանուկյանն օգտագործել է դիվանագիտական անձեռնմխելիությունը Յանուկովիչի դաշնակից և դեռևս ուկրաինական իրավապահների ուշադրության կենտրոնում գտնվող Սիվեցին թաքցնելու նպատակով:Բնական է, որ այս լուրն էլ հերքվեց Անդրանիկ Մանուկյանի կողմից: Հերքումն այնքանով էր զարմանալի, որ ՀՀ դեսպանը փաստորեն տուն է վարձել, վարձակալության պայմանագիր կնքել՝ առանց իմանալու, թե ում է պատկանում այդ տունը: Սա դեռ հարցի մի կողմն է, որ դիվանագիտական կառույցի համար որևէ բան՝ առավել ևս գտնվելու վայր վարձելուց կամ գնելուց առաջ փաստորեն դեսպանը հարկ չի համարել ճշտել, թե ինչ տարածք է դա, խնդիրներ կան, թե ոչ և այսպես շարունակ:

Վերջիվերջո դիվանագիտական գործունեության համար է մարդն ուղարկվել այդ երկիր, ոչ թե բիզնես անելու, որպեսզի անտեսվեն նման կարևորագույն հարցերը: Սա հերքման մասով: Սակայն մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Ուկրաինայի իշխանությունները չեն հավատացել Մանուկյանի «անկեղծ» հերքմանը և կապնվել են ՀՀ նախագահականի հետ՝ ներկայացնելով բավականին լուրջ փաստարկներ, որոնք չեն կարող հանդուրժել և պահանջել են հետևել Անդրանիկ Մանուկյանի գործունեությանը:

Դեպքերի նման զարգացումների պարագայում, ամենայն հավանականությամբ, Անդրանիկ Մանուկյանին կփոխարինի Օդեսսայում ՀՀ հյուպատոս Գեորգի Մուրադյանը, ով ի տարբերություն Մանուկյանի, ներքաշված չի որևէ կոռուպցիոն սկանդալների մեջ, դիվանագիտական պետհամարանիշեր չի տրամադրում քրեական հեղինակություններին և միանգամայն ընդունելի է Ուկրաինայի ներկայիս իշխանությունների կողմից:

Ինչ վերաբերում է Մանուկյանին, ապա մոտ ժամանակներս կանդրադառնանք Ուկրաինայում նրա ծավալած բիզնես գործունեությանն ու այդ նպատակով դիվանագիտական ստատուսի օգտագործմանը, ինչը լրջագույն վնաս է հասցրել և հասցնում ՀՀ հեղինակությանը:

Նույն շարքից