Հասարակություն 

«Անելիք բանկի» իրավաբանն ու սպանության մեջ կասկածվողը դեպքից ժամեր առաջ հանդիպել էին. մանրամասներ

analitik.am

Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել նոյեմբերի 24-ին Երեւանի կենտրոնում սպանված՝ «Անելիք բանկի» իրավաբան Հովհաննես Աթանյանի դեպքի վերաբերյալ:

Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Անելիք բանկի» հաճախորդ Մկրտիչ Պողոսյանը, որը դեպքի եղել է իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով:

Նախնական տվյալներով՝ 54-ամյա տղամարդը բանկի հետ ունեցել է գույքային վեճ, ինչի կապացությամբ նախկինում մի քանի անգամ հանդիպել է բանկի իրավաբանական վարչության պետին: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեպքի օրը՝ բանկում, որից ժամեր անց տեղի է ունեցել սպանությունը։

Հովհաննես Աթանյանի սպանության կասկածանքով Մկրտիչ Պողոսյանը նոյեմբերի 25-ին ձերբակալվել է եւ հարցաքննվել։ Հանցագործության կատարման գործիք հանդիսացած որսորդական հրացանն առգրավվել է։ Ստացվել եւ օրենքով սահմանված կարգով զննության են ենթարկվել դեպքի վայրում գործող տեսախցիկների տեսագրությունները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աթանյանի սպանությունը տեղի է ունեցել Երեւանում՝ նոյեմբերի 24-ի երեկոյան. նախնական տվյալներով՝ Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի մոտ նրա թիկունքի ուղղությամբ կրակոց է արձակվել որսորդական հրացանից, որի հետեւանքով ստացած վնասվածքներից Աթանյանը տեղում մահացել է, իսկ առերեւույթ հանցագործություն կատարած անձը հրացանը դրել է տաքսի ավտոմեքենայի բեռնախցիկում, նստել ղեկին եւ հեռացել։

Նույն շարքից