ՌԴ վարչապետ Դմիտրի Մեեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի կառավարությունը այս պահին գործողությունների փաթեթ է նախապատրաստում Թուրքիայի դրսևորած ագրեսիային տնտեսական և հումանիտար ոլորտներում արձագանքելու համար, գրում է «Lifenews»-ը:
Մեդվեդևի խոսքով, այդպիսի միջոցառումներից մեկն էլ կարող է լինել այն, որ Ռուսաստանը սառեցնի Թուրքիայում նախատեսված խոշոր ներդրումային նախագծերը:
«Համատեղ ձեռք բերված պայմանավորվածությունները և հատուկ նախագծերը կամ կարող են սառեցվել կամ ուղղակի չեղարկվել»,- նշել է Մեդվեդևը:
Վերջինս մանրամասնել է, որ կիրառվելիք բոլոր սահամանափակումները կգործադրվեն մեկ իրավական ակտի շրջանակներում:
«Այդ փաստաթղթերը կենթադրեն Ռուսաստանում գործող թուրքական տնտեսական ենթակառուցվածքների գործունեության սահմանափակում և արգելում, մթերքների մատակարարման սահմանափակումներ և արգելքներ՝ ներառյալ սննդամթերքի, թուրքական ընկերություններին ծառայությունների մատակարարումների դադարեցումներ, ինչպես նաև այլ սահմանափակումներ»,- նշել է Մեդվեդևը: