Հասարակություն 

ԱԱԾ-ի կողմից վնասազերծված 22-ամյա Նելիի հայրը՝ դստեր մասին. Armtimes.com

analitik.am

Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նորք-Մարաշում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի անդամներից մեկը՝ 22-ամյա Նելի Մինասյանը, Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի բնակիչ է:

Armtimes.com-ի հետ զրույցում նրա հայրը՝ Սլավիկ Մինասյանը, նշեց, որ աղջկա ձերբակալության մասին լրատվամիջոցներից է տեղեկացել: Նա պատմեց, որ կինն ու դուստրը Երեւանում են ապրում վարձակալական հիմունքներով, ինքն էլ անասնապահությամբ է զբաղվում ԼՂՀ ազատագրված տարածքներից մեկում: «Աղջիկս սովորում է «Գլաձոր» համալսարանի իրավաբանական ֆակուլտետի չորրորդ կուրսում: Թե ինչով էր զբաղվում երեխեն, ես չգիտեի, սա ինձ համար տարօրինակ է, երեկ լսեցի, թե հանցավոր խումբ են բացահայտել: Առավոտյան կինս զանգահարեց ինձ եւ ասաց, որ էրեխուն ձերբակալել են, թե ինչ հիմնավորմամբ՝ չգիտեմ: Ինքը չէր կարող ծանր հանցագործություններ կատարել, կամ ինչ-որ բանդայի անդամ լինել, նա մեծ սիրտ ունի, ինքը պայքարում է հանուն ազատության: Ես իրեն ուղարկել եմ Երեւան սովորելու, չեմ ուղարկել հանցավոր….: Զենքի մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող. ով է իրենց զենք տվել ես չեմ հասկանում»,- մանրամասնեց Սլավիկ Մինասյանը: Վերջինս ասաց, որ դուստրը ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացված բողոքի ակցիաներին: «Ես համամիտ եմ լրատվամիջոցներում տարածված այն տեղեկություններին, որ սա «սարքած» գործ է, իմ աղջկան անհիմն են ձերբակալել: Ես 60 տարեկան ծեր մարդ եմ, նա երիտասարդ է, դեռ ապագա ունի, պետք է ապրի, կյանքն իրենն է, իմ երեխեն ճիշտ է, ճիշտ էլ կքայլի, ինչքանով, որ կարողանամ, ես իրեն կօգնեմ: Ես ոչ ոքի չեմ վստահում, նույնիսկ՝ հիմիկվա իշխանություններին: Ուզում եմ աղջկաս ազատ տեսնել, նա ազատ թռչնակ է, պետք է ազատության մեջ լինի»,- ասաց ձերբակալված աղջկա հայրը: Նա նշեց, որ ունի եւս մեկ դուստր եւ մեկ որդի, որոնք բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում:

«Գլաձոր» համալսարանում բոլորը զարմացած էին կատարվածից եւ չէին հավատում, որ իրենց ուսանողուհին կարող է հանցավոր խմբի անդամ լինել: Համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը մեր զրույցում նշեց, որ որոշակի ոչինչ չգիտի, ընդամենը գիտի, որ իր ուսանողուհին գիշերները աշխատել է, ցերեկը̀ սովորել: Ջհանգիրյանը այլ հարցերի չպատասխանեց՝  նշելով, որ սա (նախօրեի իրադարձությունը) հանելուկ է, եւ երբ որոշ չափով հստակեցումներ կլինեն, նոր հարցերին կպատասխանի: Նելի Մինասյանի դասախոսները զարմացել են, երբ տեսել են իրենց ուսանողուհուն ձերբակալվածի կարգավիճակում: «Լավ սովորող աղջիկ է, խիստ հայրենասեր, Հայաստանը սիրող, խելոք, ես կասեի ավելի շատ նա միամիտ է, հիանալի նկարում է»,- ասաց դասախոսներից մեկը: Մեկ այլ դասախոս՝ Գուրգեն Այվազյանն էլ մեր զրույցում ասաց, որ Մինասյանը լավ առաջադիմություն ուներ, ընդունակ ուսանողուհի էր. «Բայց իր մոտ ցրվածության երեւույթներ կային, երբեմն անուշադիր էր»: «Գլաձորի» աշխատակիցները պատմեցին, որ Նելին ձերբակալության նախորդ օրը գնացել է համալսարան, վճարել ուսման վարձի մի մասը: Տեղեկացանք, որ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված 22-ամյա աղջիկը երեկոյան ժամերին աշխատել է Երեւանի սուպերմարկետներից մեկում:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից