Հասարակություն 

Բացահայտվել է «Զվարթնոց» օդանավակայանի ահաբեկչական բնույթի կեղծ հաղորդագրության աղբյուրը

analitik.am

Նոյեմբերի 1-ին «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն է ստացվել, որ օդանավակայանն ականապատված է և կպայթի երկու օրվա ընթացքում, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունը։

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում՝ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ահաբեկչական բնույթի հաղորդագրությունն ուղարկվել է Բելառուսի Հանրապետության քաղաքացի Եվա Սամսոնովայի անունից՝ ԱՄՆ-ում գտնվող էլեկտրոնային սերվերներից մեկի միջոցով, սակայն` ռուսական IP հասցեից:

Միջազգային համագործակցության և տարաբնույթ հարցումների արդյունքում՝ համապատասխան ծառայությունների արտերկրի մեր գործընկերներից ստացված տվյալների համաձայն՝ հաղորդագրությունը Եվա Սամսոնովայի անունիցուղարկել է Մոսկվայի մարզի Ռոմենսկի շրջանի բնակիչ, 1973 թ. ծնված Ս. Զաբաբոնովը:

Պարզվել է, որ Ս. Զաբաբոնովը ճանաչում է Ե. Սամսոնովային և նրա նկատմամբ տածած ոչ բարյացակամ վերաբերմունքից ելնելով՝ ուղարկել է ահաբեկչական բնույթի կեղծ հաղորդագրությունը:

Փաստի առթիվ ՌԴ ՆԳ Մոսկվայի վարչության Բալաշիխինսկոյե բաժնի կողմից հարուցվել է քրեական գործ` ՌԴ քր. օր.-ի 207 հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդագրություն տարածելը) 1-ին մասի հատկանիշներով, որի շրջանակներում շարունակվում են օպերատիվ-քննչական գործողությունները։

Նույն շարքից