Գյուղատնտեսություն Հասարակություն 

Ամանորի նախաշեմին պետք է արտահանման ծավալներն ավելացնելու ծրագրեր մշակել. Նախարար

analitik.am

Թուրքական գյուղմթերքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն սահմանափակվել է եւ կա հնարավորություն կտրուկ ավելացնել արտահանման ծավալները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, «Սպայկա» ՍՊԸ տնօրեն Դավիթ Ղազարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Գյուղնախարարությունից հայտնում են, որ հանդիպման նպատակն էր քննարկել դեպի Ռուսաստան  տեղական գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հնարավորությունը:

«Ինչպես տեղյակ եք, թուրքական գյուղմթերքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն սահմանափակվել է: Դա լայն հնարավորություններ է ստեղծում հայ արտադրողների համար ավելացնելու դեպի ռուսաստանյան շուկա արտահանման ծավալները: Նախատոնական առեւտրի հետ կապված  եւս ավելանում է արտադրանքի պահանջարկը եւ անհրաժեշտ է մշակել կարճաժամկետ եւ երկարաժամկետ  ծրագրեր արտադրության եւ արտահանման ծավալներն ավելացնելու համար», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Միաժամանակ նախարարը հավելել է, որ կա հնարավորություն կտրուկ ավելացնել արտահանման ծավալները, նշելով որ հայկական գյուղմթերքը թեեւ որակական բարձր հատկանիշներ ուներ, սակայն գնի առումով մրցունակ չէր թուրքականի համեմատ:

Գյուղմթերքի թվում, որոնց արտահանման ծավալները կարելի է ավելացնել, նախարարը, մասնավորապես, նշել է թարմ պտուղ-բանջարեղենը եւ մսամթերքը: Բացի այդ, նախարարը նաեւ կարեւորել է դեպի ՌԴ արտահանվող գյուղմթերքի տեսականին:

Ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանն իր հերթին նշել է, որ Թուրքիայից դեպի Ռուսաստան արտահանվում էին հիմնականում ջերմոցային ապրանքներ: Այս ենթատեսքստում նա նշել է, որ հայրենի արտադրողները նույնպես կարող են ավելացնել հատկապես ջերմոցային պայմաններում արտադրված գյուղմթերքի ծավալները:

Նախարար Կարապետյանը նշել է նաեւ, որ անհրաժեշտ է ավելացնել տրանսպորտային միջոցների քանակը` հաշվի առնելով արտահանման ծավալների ավելացումը:

Հանդիպման ավարտին նախարարը հանձնարարել է տեղակալ Ռոբերտ Մակարյանին հարցի կարգավորումը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում եւ խնդիրների առաջացման դեպքում անմիջապես զեկուցել իրեն, առաջիկա երկուշաբթի կամզակերպել հանդիպում նաեւ  հանրապետությունում գործող մյուս արտահանող ընկերությունների հետ:

Նույն շարքից