ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ առաջիկա ձմեռը կլինի տաք:
Նրա խոսքով, Հայաստանում դեկտեմբերին օդի միջին ջերմաստիճանը նորմայից մեկ աստիճանով բարձր կլինի, հունվարին այն նույնպես բարձր կլինի մեկ աստիճանով, իսկ Շիրակում եւ Արարատյան դաշտում` մինչեւ երկու աստիճանով: Փետրվարին նույնպես օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մեկ աստիճանով, Շիրակում եւ Արարատյան դաշտում` կրկին մինչեւ երկու աստիճանով:
Գագիկ Սուրենյանը նշեց, որ առավել ցուրտ դեկտեմբերներ են գրանցվել 1932, 1933, 1948, 1951, 1982, 1984, 1987, 2002 թ-ին, երբ օդի միջին ջերմաստիճանը Արարատյան դաշտավայրում եւ մայրաքաղաքում եղել է -22-25 աստիճանի սահմանում, իսկ դարի ամենացուրտ դեկտեմբերը եղել է 2002թ.-ին, երբ դեկտեմբերի 28-ին օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում նվազեց մինչեւ -32 աստիճան:
«Տաք ձմեռ ասելով նկատի չունենք, որ գրանցվելու է գարնանային ջերմաստիճան, հորդորում ենք այգեթաղ անել, որովհետեւ մենք ստույգ չենք կարող տեսնել, թե հունվարին ինչ կլինի»,-ասաց նա: