Գլխավոր Հասարակություն 

Լոլա Ուզունյանի հայրը բոյկոտել է ահաբեկչության զոհերի հիշատակի միջոցառումը և բաց նամակ է հրապարակել

analitik.am

Փարիզում ահաբեկչություններին զոհ դարձած 17-ամյա Լոլա Ուզունյանի հայրը՝ Էրիկ Ուզունյանը, բոյկոտել է նոյեմբերի 27-ին կազմակերպված ահաբեկչությունների զոհերի հիշատակի միջոցառումը և հանդես է եկել նամակով՝ ուղղված Ֆրանսիայի կառավարությանը, որտեղ, մասնավորապես, նշել է.

«Իմ դուստրը մահացել է Բատակլանում, նա 17 տարեկան էր: Ես չեմ գնալու ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը (Հաշմանդամների պետական տուն), քանի որ համարում եմ, որ կառավարությունը՝ բոլոր լիազորված պաշտոնյաների ու նախարարների հետ միասին ուղղակի պատասխանատու է այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ:

Ֆրանսիան երկար տարիներ աղետալի ձախողված քաղաքականություն է վարել Մերձավոր Արեւելքում: Նիկոլա Սարկոզին խախտելով ՄԱԿ-ի կոնվենցիաները, ֆրանսիական բանակն ուղարկել է Լիբիա՝ Քադաֆիի դեմ, որն, ի դեպ, Ֆրանսիայի թշնամին չէր: Նույն Սարկոզին նախկինում ձեռքերը տարածած հանդիպել է Քադաֆիի հետ Փարիզում: Քադաֆիից հետո Լիբիայում քաոս է տիրում, եւ ողջ երկրի տարածքով կարելի է զենք տեղափոխել: Ֆրանսուա Օլանդն ու Լորան Ֆաբիուսը «կատաղել էին» Ասադի դեմ, որը նույնպես Ֆրանսիայի թշնամին չէ, բայց որի դեմ Ֆրանսիան ընդգրկվել է կոալիցիայում: Իհարկե, մեր միջամտության գլխավոր պատճառն այն  փաստն է, որ ինչպես Քադաֆին ու Հուսեյնը, Ասադը նույնպես դաժան դիկտատոր է:  Բայց նա չի տարբերվում նաեւ նրանցից, որոնք իշխանության են Կատարում եւ Սաուդյան Արաբիայում, որոնց հետ Ֆրանսիան հրաշալի դիվանագիտական ու առեւտրային հարաբերություններ ունի, եւ որոնք ֆինանսավորում են «Իսլամական պետությունը»:

Նման քաղաքականությունը դրամատիկ դեր  խաղացել մեր երկրի համար: Մեր վերջին նախագահները խաղացել են իրենց դերը թեթեւ ու անպատասխանատու:

Շատ տասնամյակների ընթացքում Ֆրանսիան թույլ է տվել իր տարածքում, իր քաղաքներում գոտիներ, գետտոներ ստեղծել, որոնք մեր փիլիսոփաներից մեկն անվանել է «տարածք, որտեղ չկա ոչինչ»:

Մղձավանջային ուրբանիզմը, որտեղ բացարձակապես ոչինչ չկա՝ ոչ մշակութային, ոչ սպորտային ժամանակ անցկացնելու վայրեր, չկան արժանապատիվ դպրոցներ եւ ուսումնական հաստատություններ, առանց որոնց մարդասիրությունը չի կարող զարգանալ եւ գոյություն ունենալ սկզբունքորեն: Մենք այդ տարածքները կոչում ենք ոչ թե գետտո, այլ «զգայուն շրջաններ», ինչից իմաստը չի փոխվել եւ դրանց նկատմամբ քաղաքականությունը՝ նույնպես:

Քանիս՞ն ենք փոխել, Բարնար Թալի, Ռեյմոնդ Բար, Նիկոլա Սարկոզի, Ֆադելա Ամարա, Պատրիկ Կաներ. Բոլորը խոստացել են լուծել խնդիրները, բայց մենք հիմա արձանագրում ենք այդ շրջանների նկատմամբ 40-ամյա ձախողված քաղաքականության փաստը:

Արդեն տեղի է ունեցել «բաժանումը» ֆրանսիացիների եւ նրանց միջեւ, որոնք մեզ կառավարում են: Հատուկ պայմանագիրը խզվել է, էլիտայի եւ բնակչության միջեւ հսկայական անդունդ է ձեւավորվել:

Ոչինչ այլեւս չի օգնի. ոչ մեր հիմնական իրավունքների կրճատումը, ոչ Ազգային ճակատի անվտանգության ուժեղացումը, միեւնույն է մարդասպանները հանգիստ անցնելու են սահմանը:

Ֆրանսիան չի կարող ապագա առաջարկել իր երիտասարդությանը: Եվրոպան չի կարող հետ կանգնել կույր ազատականության իր ճանապարհից: Նրանք, որոնց մենք ընտրել ենք, չեն կարող մեզ նոր քաղաքականություն ներկայացնել, ինչպես նաեւ մեր մտավորականությունը: Բացառությամբ մի քանի անունների, մտավորականությունը ոչ մի կերպ չի գիտակցում տեղի ունեցողի վտանգավորությունը: Ես սարսափի մեջ եմ իմ դատարկվող երկրի ու իմ դստեր մահվան կապակցությամբ»:

Հիշեցնենք, որ 17-ամյա հայուհին նոյեմբերի 13-ին հոր հետ ներկա է եղել Bataclan թատրոնում Eagles of Death Metal ամերիկյան ռոք խմբի համերգին: Իրարանցման ժամանակ հայր ու դուստր կորցրել էին միմյանց: Հայրը փրկվել էր, իսկ Լոլան անհետ կորել էր, եւ մի քանի օր որոնում էին նրան:

Նույն շարքից