Գլխավոր Վերլուծական 

Էրդողանը ռուսական ինքնաթիռը խոցեց Վաշինգտոնի՞ թելադրանքով

analitik.am

Կործանելով ռուսական ռազմական ինքնաթիռը՝ Էրդողանը բացեիբաց մարտահրավեր նետեց Ռուսաստանին ու հայտնվեց աննախանձելի իրավիճակում: Այլ բան է ֆինանսական ու կազմակերպչական օժանդակություն ցուցաբերել ԻՊ ահաբեկիչներին, միանգամայն այլ բան՝ խոցել ռուսական ինքնաթիռ: Ստեղծված իրավիճակում Մոսկվան անտարբեր չէր կարող մնալ ու Էրդողանին քաղաքական թատերաբեմից հեռացնելու համար կգործադրի բոլոր հնարավոր միջոցները:

Հետեւելով Պուտինի ելույթին, որն ինչպես միշտ աչքի էր ընկնում անթերի ճշգրտությամբ, ու առանձնակի ուշադրություն դարձնելով տողատակերում թաքնված մտքերին՝ պարզ է դառնում, որ Էրդողանը չէր կարող գործել միայնակ: Մեջբերելով դրանցից մի քանիսը՝ կարող ենք որոշակի եզրահանգման գալ:

-«Այսօրվա կորուստը պայմանավորված է հարվածով, որ մեր թիկունքին հասցրեցին ահաբեկիչներին սատարողները»:

-«Մենք ամերիկյան մեր գործընկերների հետ պայմանավորվածություն էինք ձեռք բերել համաձայնեցնել գործողությունները երկնքում, իսկ Թուրքիան հայտարարել է, որ ամերիկյան կոալիցիայի շարքերում մարտնչում է ահաբեկիչների դեմ»:

- «Թուրքիայի նման գործելաոճից հասկանալի է դառնում, թե ինչու են ահաբեկիչներն իրենց այսպես անկաշկանդ դրսեւորում, ինչու են ահաբեկչություններ իրականացնում ողջ աշխարհում, այդ թվում՝ Եվրոպայի սրտում»:

-«Ի՞նչ է, թուրքերը ցանկանում են ՆԱՏՕ-ին ծառայեցնել ԻՊ շահերի՞ն»:

Վերջին մեկնաբանությունը արված է հարցի տեսքով, սակայն այն հանդիսանում է Պուտինի նախորդ մտքերի հետեւությունը: Հետեւելով մտքերի լոգիկային, պարզ է դառնում, որ ռուսական ինքնաթիռի նկատմամբ հարձակումը դա թիկունքից հարված է Ռուսաստանին, սակայն, թուրքերը չէին կարող միայնակ նման որոշում կայացնել, քանի որ ընդգրկված են ամերիկյան կոալիցիայում, որն իբրեւ թե մարտնչում է ԻՊ խմբավորման դեմ: Անկարան հովհանավորում է ԻՊ-ին, որը ահաբեկչություններ է իրականացնում Եվրոպայում, իսկ Ռուսաստանի դեմ իրագործած հանցագործությունից հետո ակնկալում է ՆԱՏՕ-ի օգնությունը. Արդյունքում՝ ՆԱՏՕ-ն ԱՄՆ գլխավորությամբ ծառայում է ԻՊ շահերին:

Պուտինն այս մասին դեռեւս չի կարող խոսել բացեիբաց: Սակայն իրական մեղավորի մատնանշումն առավել քան ցայտուն է: Ավելին՝ չպետք է մոռանալ, որ դեռ նոյեմբերի 17-ին Պետքարտուղարությունը հայտարարել էր Սիրիայի` հյուսիսում Թուրքիայի հետ համատեղ գործողություններ իրականացնելու մտադրության մասին: Ուստի, բացառված չէ, որ թուրքական զինվորականների հանցագործությունն իրագործվել էր ամերիկյան բանակի անմիջական վերահսկողությամբ:

Միաժամանակ ամերիկացիների կողմից անմիջական հրամանի ահնրաժեշտության կարիքն ընդհանրապես չկար: Բավական էր, որպեսզի ԱՄՆ-ը Էրդողանից պահանջեր որոշակի կոշտ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի գործողությունների դեմ ու հուշեր կոնկրետ միջոց: Հարեւանների շրջանում ու բուն Թուրքիայում երերուն դիրքեր ունեցող Էրդողանը հավանաբար իր մեջ ուժ չի գտել հրաժարվել գայթակղությունից կամ գոնե հստակ հաշվարկել, որ ԱՄՆ կողմից մշակված պրովոկացիան կարող է տխուր վախճան ունենալ իր համար:

Այդ դեպքում ի՞նչն է ծրագրավորված արկածախնդրության իմաստը: Պատասխանը ակնհայտ է ու հստակ հնչեց Պուտինի շուրթերից` ՆԱՏՕ-ն ծառայեցնել ԻՊ շահերին: Այլ խոսքերով, Թուրքիային դրդել պրովոկացիայի եւ հաշվի առնելով վերջինիս անդամակցումը ՆԱՏՕ-ին՝ Եվրոպային կանգնեցնել Անկարային Ռուսաստանից պաշտպանելու փաստի առջեւ, առճակատում սկսել ոչ թե ԻՊ ահաբեկիչների, այլ ՌԴ ռազմաօդային ուժերի դեմ: Էրդողանը հավանաբար հաշվարկել էր, որ այս սցենարը կիրականանա ու Մոսկվայի պատասխան հարձակման պարագայում ՆԱՏՕ-ի բոլոր երկրները Վաշինգտոնի գլխավորությամբ կսատարեն Թուրքիային: Իսկ եթե՝ ո՞չ:

Էրդողանը չգիտես ինչու մոռացել էր, որ Արեւմուտքն ու Վաշինգտոնը շատ հաճախ չեն կատարում նախօրոք տրված խոստումները, մոռանում բանավոր ու նույնիսկ գրավոր պարտավորությունները: Ավելին՝ վաղ, թե ուշ օգտագործելով մարիոնետներին՝ թողնում են նրանց բախտի քմահաճույքին կամ ուղղակի ոչնչացնում են: Եթե ոչ այսօր, ապա մոտ ապագայում Էրդողանը Արեւմուտքի սիրեցիալից կարող է վերածվել ոխերիմ թշնամու կամ դաժան բռնակալի(Կարելի է հիշել Սարկոզիի հավերժ բարեկամության խոստումները Լիբիայի նախագահ Կադդաֆիին , իսկ այնուհետեւ ֆրանսիական ռմբակոծիչների հուժկու հարվածները անկախ երկրի նկատմամբ):

Ավելին, չպետք է բացառել, որ Էրդողանից հետո տխուր ճակատագիր է կանխորոշվում ողջ Թուրքիայի համար: Իսկ այդ դեպքում ոչ կատաղած ռուսները, ոչ հիասթափված արաբները, ոչ էլ նենգ եվրոպացիներն ու ամերիկացիները Թուրքիային այլեւս չեն խղճալու:

Նույն շարքից