Հայաստան Քաղաքական 

«Քաղաքացի Դիտորդը» հանրաքվեի արդյունքների վերահսկման նոր մեխանիզմ է մշակել

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը գործարկել է   hanraqve.am եւ hanraqve.com կայքէջերը, որոնք կօգնեն ավելի արդյունավետ վերահսկել դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեն:

Այս առնչությամբ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Քվեարկության կեղծման նպատակով ուռճացվում են ընտրողների ցուցակները` դրանցում ընդգրկելով մահացած, գոյություն չունեցող կամ Հայաստանում չհաշվառված մարդկանց: Սա արվում է նրանց փոխարեն քվեարկելու նպատակով:

Քվեարկություն է կատարվում նաեւ Հայաստանից բացակայող կամ քվեարկությանը չմասնակցած անձանց փոխարեն: Այս ընտրակեղծիքները հնարավոր են, քանի որ ընտրողների ստորագրած ցուցակները գաղտնիացված են, ինչը ընտրությունների զանգվածային կեղծման հիմնական գործիքն է: «Քաղաքացի դիտորդի» կողմից  մշակված համակարգը կօգնի հանրաքվեի վերահսկման գործընթացը դարձնել առավել արդյունավետ:

Ինչպես է աշխատում համակարգը. քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը եւ ծննդյան թիվը մուտքագրելով համապատասխան դաշտերում գտնել փնտրվող անձին եւ նշել՝ արդյոք վերջինս գտնվում է Հայաստանում եւ պատրաստվում է մասնակցել հանրաքվեին թե ոչ: Կարելի է նշում կատարել նաեւ այն անձանց մասին, ովքեր մահացած են, սակայն գտնվում են ընտրողների ցուցակներում: Մուտքագրված տեղեկություններն ապահովելու են դիտորդական կազմակերպություններին բացահայտել ընտրակեղծիքները՝ Հայաստանից բացակա, մահացած եւ քվեարկությանը չմասնակցած անձանց փոխարեն քվեարկության դեպքերը, ինչպես նաեւ բազմակի քվեարկությունները:

 «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ստեղծվել է 2013թ. «Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ:

2013թ. սկսած՝ նախաձեռնությունը դիտարկում է Հայաստանյան բոլոր  ընտրությունները»:

Նույն շարքից