Հասարակություն 

Փարիզում այսօր մեկնարկում է կլիմայի հարցով ՄԱԿ-ի համաժողովը

analitik.am

Այսօր Փարիզում մեկնարկում է կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովը՝ բարձր մակարդակի ամենազանգվային միջոցառումներից մեկը, որին ներկա կլինեն մոտ 150 երկրների կառավարությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։

2014 թվականի դեկտեմբերին Լիմայում XX համաժողովին կոնվենցիայի 196 մասնակից երկրների ներկայացուցիչները հաստատել են համաձայնագրի տեքստը, որը պետք է դառնա հիմք Փարիզի պայմանագրի համար։ Այն կարող է ստորագրվել ներկայիս համաժողովին, և ինչպես սպասվում է՝ 2020 թվականին կփոխարինի Կիոտոյի արձանագրությանը (1997)։

Կիոտոյի արձանագրությունը միջազգային համաձայնագիր է, որն ընդունվել է ի հավելումն կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի։ Այն զարգացած կամ անցումային տնտեսությամբ երկրներին պարտավորեցնում է կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները։

Սպասվում է, որ Փարիզի համաժողովին կմասնակցի քաղաքացիական հասարակության 14 հազար ներկայացուցիչ։

Համաժողովի շրջանակում մշակութային ոլորտում կանցկացվեն 65 նախագծեր, 227 այլ միջոցառումներ, 184 քննարկումներ և կլոր սեղաններ։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է մոտ 6000 իրադարձութուն։

Համաժողովի կազմակերպումն արժեցել է 170 մլն եվրո։

Նույն շարքից