Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանը օրեր առաջ միջնորդություն էր ներկայացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչներ, երկվորյակ եղբայրներ, 24-ամյա Գևորգ և Հենրիկ Բարսեղյանների նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Մետաքս թաղամասում 4 անձի հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ: Նրանք մեղադրվում է են ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի 2 մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերի (հանցափորձ, սպանությունը՝ 2 կամ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով: Դատավոր Վլադիմիր Հովհաննիսյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է ավագ քննիչ Մ. Զադոյանի միջնորդությունը և եղբայրների նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նրանք հայտնաբերվելու կամ մեղայականով ոստիկանություն կամ քննչական բաժին ներկայանալու դեպքում տեղափոխվելու են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ օգտագործվել է 3 ատրճանակ, 2-ը՝ «ՏՏ», մեկը՝ «Մակարով» տեսակի: Քննությամբ հերքվել է նաև ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի, նրա մերձավորների մասնակցությունը նշված դեպքին, ինչը ժամանակին հանրությանն էին ներկայացնում որոշ զանգվածային լրատվամիջոցներ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: