Ազգային անվտանգության ծառայության կողմից նոյեմբերի 25-ին և հաջորդ օրերին ձերբակալված, այժմ կալանքի տակ գտնվող անձանց ամբողջական ցուցակը հասարակության համար շարունակում է «անհասանելի» մնալ։ Ի մի բերելով այս աղմկահարույց պատմության արդեն մեզ ճանաչելի հերոսներին, ներկայացնում ենք Ձեզ։
Արթուր Վարդանյան. Ըստ ԱԱԾ-ի՝ զինված խմբավորման պարագլուխն է։ Հայտնի է, որ Արթուրն ամուսնացած կարգավիճակ ունի, երկու երեխաների հայր է։ Նախկինում բնակվել է Հայաստանում, ապա հոր՝ ազատամարտիկ Վալերի Վարդանյանի մահից հետո, մայրիկի, քրոջ և եղբոր հետ տեղափոխվել է Իսպանիա։ Ի դեպ, հայրը Արցախյան ազատամարտի հերոս է, մահացել է պատերազմական գործողությունների ժամանակ, Արթուր Վարդանյանը «Հայոց վահան» նախաձեռնության ղեկավարն է։ Արթուր Վարդանյանի փաստաբանը Լևոն Բաղդասայանն է։
Արման Հայրապետյան. Հ1-ի աշխատակից է եղել, մինչև վերջերս աշխատել է այնտեղ, եթերային բաժնում: Hraparak.am-ի տեղեկություններով՝ Արման Հայրապետյանը համակարգչային ստուդիա է ունեցել, ակումբ, պատմում են, որ ուրախ ուտող-խմող հայրենասեր մարդ է: Երբ հեռուսատեսությամբ ցույց են տվել տղամարդուն, նրան ճանաչողները նույնիսկ մտածել են, որ նա սխալմամբ է այնտեղ հայտնվել, ասենք հյուր է գնացել:
Մարինե և Ասյա քույրեր են, բնակվել են Նուբարաշենում։ Մեր տեղեկություններով՝ քույրերը վերջին ամիսներին տեղափոխվել են Երևան։ Նրանք ընտանիքի անդամներին իրենց տեղափոխումը պատճառաբանել են նրանով, որ Երևանում աշխատելու են։ Աղջիկների հարևանուհիները նրանց բնութագրում են որպես «սուսիկ-փուսիկ երեխաներ»։
Նելի Մինասյան. Այս աղջկան գրեթե ամեն օր կարելի էր հանդիպել Բաղրամյան փողոցում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ իրականացվող ցույցերին։ Նելի Մինասյանը 22 տարեկան է, Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի բնակչուհի է։ Նելիի, Մարինեի և Ասյայի փաստաբանն Ինեսա Պետրոսյանն է:
Ավետիս Բարեյան. Արմավիր մարզի Արևիկ համայնքի բնակիչ է, ամուսնացած է, անչափահաս երեխաներ ունի։ Արևիկ համայնքի ղեկավարը պատմում էր, որ համագյուղացին երբևէ աչքի չի ընկել քաղաքական, ծայրահեղական մտքեր արտահայտելով, կամ քննարկումների մեջ մտնելով։
Արևիկ համայնքի բնակիչներ են նաև Վաղինակ Ստեփանյանն ու Արթուր Եղիազարյանը. Նրանք նույնպես ամուսնացած տղամարդիկ են, ինչպես մեզ ասացին «երեխաների տեր», սոցիալական խնդիրներ ունեցող մարդիկ, ովքեր հողագործությամբ են զբաղվում։ Տիգան Բոյաջյանն էլ 19 տարեկան է, սովորում է Երևանի պետական համալսարանում, Հիմնադիր խորհրդարանի գաղափարակիցներից է, քաղաքացիական ակտիվիստ։
Տիգրան Բոյաջյանի հայրը, ի դեպ, Արցախյան հերոսամարտի մասնակից է, տարիներ առաջ մահացել է։ Hraparak.am-ը փորձեց կապ հաստատել Տիգրան Բոյաջյանի ընտանիքի անդամների հետ, սակայն մեզ փոխանցեցին, որ հարազատները ցանկություն չունեն այս թեմայով խոսել լրագողների հետ, Տիգրանի ընտանիքի անդամները շոկի մեջ են այս օրերին։ Տիգրանը Շիրակի մարզի Փանիկ համայնքից է։ Երիտասարդին տրամադրվել է հանրային պաշտպան, նրան կպաշտպանի Սիրանուշ Հարությունյանը:
Փանիկ համայնքից ունենք ևս մեկ կալանավոր՝ Գևորգ Ջնդոյանն է, ժամանակին հոգևոր գործունեությամբ է զբաղվել, եղել է Իտալիայում կաթոլիկ եկեղեցու սպասավոր: Իսկ այժմ Գևորգ Ջնդոյանը բիզնեսներ ունի, ասում են ապահովված երիտասարդ է, հենց այդ եկեղեցին է փող հատկացրել սնկի բիզնեսի համար: Բացի սնկի աճեցման բիզնեսից Գևորգ Ջնդոյանը նաև գեղեցկության սրահ ունի: Ընտանեկան կարգավիճակի մասին էլ պատմում են, որ ամուսնացած չէ, ունի մեկ եղբայր: Պատմում են, որ վերջերս նաև փորձել է Վանաձորում բիզնես գործունեությամբ զբաղվել, սակայն հետո ինչ-ինչ պատճառներով տեղափոխել է Արթիկ: Hraparak.am-ի տեղեկություններով՝ երիտասարդը լրագրողի մասնագիտություն ունի և որոշ ժամանակ աշխատել է որպես լրագրող: Իրեն ճանաչողները բնութագրում են որպես ադեկվատ, հանգիստ բնավորությամբ տղա: Ասում են նաև քաղաքականությամբ առանձնապես չի հետաքրքրվել, միայն վերջերս նկատել են, որ ակցիաների է մասնակցել սահմանադրական փոփոխությունների դեմ:
Հայր Անտոնիո Ծայրագույն վարդապետ Թոթոնջյան. Ռադիո Մարիամ Հայաստան» ռադիոկայանի տնօրենն է, տարվել է ԱԱԾ նոյեմբերի 26-ին և այլևս ոչ մի նորություն։ Տեղեկացնենք, որ ռադիոկայանը տեղակայված է Գյումրու Ղորղանյան 83 տանը, որտեղ մի քանի կազմակերպություն գործունեություն են ծավալում: Ռադիոկայանը պատկանում է կաթոլիկ եկեղեցուն։
Հայր Անտոնիոյի հետ միասին ԱԱԾ-ի աշխատակիցները տարել են նաև ռադիոյի աշխատանքները համակարգող 30-ամյա Լիլիթ Թորոսյանին։ Հայր Անտոնիոյի փաստաբանը նորից Լեւոն Բաղդասարյանն է, իսկ Լիլիթ Թորոսյանինը՝ Գեղամ Հակոբյանը:
Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյան. Վերջինս «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի ընկերներից է, ակտիվ քաղաքացի։ Նրա փաստաբանը Գիվի Հովհաննիսյանն է:
Եվս մեկ ազատամարտիկ «Տիգրան Մեծ» ջոկատից Էդուարդ Ներսիսյանը, ում բոլորը ճանաչում են Ապար անունով։ Նրան նույնպես կարելի էր տեսնել քաղաքացիական ակցիաների ժամանակ, վերջերս նաև «Ոտքի Հայաստան» նախաձեռնության ակցիաներին, ինչպես նաևմասնակցում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող ստորագրահավաքի աշխատանքներին։
Սրբուհի Այվազյան. Կալանավորված կանանցից 5-րդը, նրա փաստաբանը Սամվել Ջաղինյանն է, ով այսօր պետք է այցելի իր պաշտպանյալին։ Մեր աղբյուրների հաղորդմամբ՝ կալանավորվել է նաև Դավիթ անունով ևս մեկ երիտասարդ, ոի մասին սակայն ոչինչ պազվել չստացվեց։ Այսպիսով, ԱԱԾ-ն հայտնում է, որ ձերբակալված են և հավանաբար արդեն կալանքի տակ է գտնվում 21 անձնավորություն, այսինքն՝ 7 հոգու անձ դեռ «չբացահայտված» է մնում։ Գործով ներգրավված փաստաբանները ստորագրել են գրություն, որ որեւէ մանրամասն չեն հայտնելու գործի քննության մասին: Առավելագույնը, որ նրանք հայտնում են, այն է մեղադրյալների մի մասը հրաժարվել է ցուցմունք տալ, հնարավոր է բողոքարկեն խափանման միջոց կալանքի ընտրությունը, կհանդիպեն իրենց պաշտպանյալների հետ ու կորոշեն:
Մեր տեղեկություններով՝ կալանավորվածներից 5 կանայք գտնվում են «Աբովյան» ՔԿՀ-ում, 7 հոգի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում են, 9 հոգի էլ՝ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում: Զինված հանցախմբին «շախով-շուխով» վնասազերծող ԱԱԾ-ն նորից գաղտնապահ է դարձել՝ այդպես էլ հանրությանը չտալով կարեւոր հարցերի պատասխաններ, կիսատ-պռատ մեկնաբանություններով ծնելով նոր հարցեր:
Սակայն, ԱԱԾ պետի տեղակալ Միքայել Համբարձումյանի այս խոսքերը մտածելու տեղիք են տալիս. «Հաջողվել է բացահայտել և վնասազերծել հանցավոր խումբ, որը իր զինվածության մակարդակով, անդամների քանակով, կազմակերպվածությամբ, հանցագործների վտանգավորությամբ և դաժանությամբ նախադեպը չի ունեցել Հայաստանի տարածքում: Եղել է դերաբաշխում, յուրաքանչյուր անդամ ունեցել է իր դերն ու պարտականությունները: ԱԱԾ-ի տվյալներով՝ խումբը ծրագրել է սպանություններ կատարել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, գործողություններ պետք է իրականացվեին Հայաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Երևանում: Խմբին վնասազերծել են հանցագործության կատարումից ընդամենը օրեր առաջ»:
Իսկ ի՞նչ է սպասվում մեզ օրեր հետո՝ դեկտեմբերի 1-ին տեղի է ունենալու հանրահավաք Ազատության հրապարակում ու ինչքան էլ ԱԱԾ-ն հայտնի, թե իրենք քաղաքական գործընթացների հետ կապ չունեն, ամեն դեպքում մեկնաբանությունները իրարամերժ են։ Թեեւ բաց տեքստով չի հայտարարվում, թե «հանցախումբը» ինչ պետք է աներ, բայց չենք կարող չնկատել, որ ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ անցակետում հսկում էին «ավտոմատավոր» աշխատակիցներ: Ավելացնենք, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով: Մեղադրանքի հիմքում, բացի հայտնաբերված զենք-զինամթերքից, նաեւ «հանցախմբի» անդամների գաղտնի հեռախոսների խոսակցություններն են դրված: