Հայաստան Հասարակություն 

Մարդիկ ցանկանում են հանրաքվեն օգտագործել իրենց կրքերն ապահովելու համար. Գալուստ Սահակյան

Եթե չկա օրենքի խախտում, շատ սովորական պիտի դիտվի, որ մենք կարողացել ենք հասնել նրան, որ մարդիկ ինչպիսի արտահայտության ձեւ էլ ունենան, կարող են իրենց ասելիքը հասցնել հասարակությանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» շարժման նախաձեռնած շուրջօրյա ակցիային:

«Ինչն օրենքի շրջանակում է, շատ բնական է, բնութագրական է: Ընդ որում, սահմանադրական փոփոխությունները միտված են հենց նրան, որպեսզի ամրապնդվեն հենց  այդ ամբողջական գործընթացները: Որպեսզի ցանկացած քաղաքական ուժ կամ հասարակություն կարողանա կառավարման պրոցեսին մասնակից դառնալ»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը, որն ուզում էր ծաղիկներ դնել ՀՀԿ գրասենյակի մոտ, սակայն դա նրան թույլ չտվեցին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ծաղկեփունջ կարելի է դնել շատ տարբեր պարագաներում: Կարելի է ծննդյան առումով դնել, կարելի է նահատակների հիշատակին դնել: Իսկ ծաղկեփունջ դնելու ամենաարդյունավետ մոտեցումը, որն ավելի գնահատելի է աշխարհում, դա երկրների նախագահները, խորհրդարանների նախագահներն ու վարչապետներն են դնում, որն ավելի մեծ բովանդակություն է ստանում»:

Դիտարկմանը, թե երեկ Երեւան մտնող ճանապարհները փակ էին, նա արձագանքեց. «Այդ նույն բաղադրատոմսը տարիներ շարունակ լսում ու լսում ենք: Ես հիշում եմ, որ 1988-ին, երբ զորքն էր կանգնած, մարդիկ գալիս ու իրենց տեսակետները հայտնում էին: Այնպես որ տարբեր պատճառներ պետք չի բերել: Ոչ էլ Սահմանադրության ընդունումը կենաց-մահու պայքարի խնդիր է: Դա վերաբերում է բոլորին: Այնպես որ, եթե կընդունվի, լավ, եթե չի ընդունվի, կյանքը դրանով չի վերջանում: Պարզապես մարդիկ ցանկանում են դա օգտագործել իրենց կրքերն ապահովելու համար:

Ինչ վերաբերում է ահազանգերին, որ «այո»-ի կողմնակիցները ցուցակներով գալիս են բնակարանները, փող են առաջարկում, Գալուստ Սահակյանն ասել է. «Ինչ անենք, ցուցակներով եկել են ձեր կարծիքն իմանալ, հուշել են «Այո»-ի համար, դրանից ինչ եղավ: Իսկ գումար առաջարկելու մասին ինձ մի ասեք, դրա համար կան համապատասխան մարմիններ»:

Նույն շարքից