Հույն լրագրողները մեկօրյա գրծադուլ են անցկացնում ի նշան կոշտ տնտեսման քաղաքականության դեմ բողոքի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Լրագրողների բողոքի ակցիան կանցնի դեկտեմբերի 3-ին նշանակված՝ 2016 թ. պետբյուջեի ընդունման հետ կապված համընդհանուր գործադուլից մեկ օր առաջ, որպեսզի ԶԼՄ-ները կարողանան լուսաբանել, թե այն ինչպես է անցնում:
Արհմիության որոշմամբ՝ դեկտեմբերի 2-ի ժամը 06:00-ից մինչև դեկտեմբերի 3-ի 06:00-ն չեն հեռարձակվի լուրերի թողարկումները պետական ռադիոյով և ERT հեռուստատեսությամբ, Աթենքի Նորությունների մակեդոնյան գործակալությունում, խորհրդարանական հեռուստաալիքով, մասնավոր հոռուստաալիքներով և արհմիությունների հետ կապված կայքերով, չեն թողարկվի թերթեր, աշխատանքը դադարեցնում են ֆոտոթղթակիցները:
ԶԼՄ-ների աշխատակիցները հանդես են գալիս վարկատուների հետ հուշագրերով նախատեսված՝ աշխատողների աշխատանքային և սոցիալական իրավունքների կրճատումների, սոցիալական ապահովագրության հիմնադրամների բարեփոխման դեմ, որը կհանգեցնի կենսապայմանների և սոցիալական ապահովման պայմանների վատացման:
«ԶԼՄ-ների աշխատակիցները երկրի բոլոր աշխատողների հետ պահանջում են պահպանել սոցիալական ապահովումը (հիմնական և լրացուցիչ թոշակները), կարիքավորներին նպաստները, առողջապահությունը (բուժօգնությունը և հիվանդանոցային բուժումը)»,- ասվում է արհմիությունների հայտարարության մեջ:
Լրագրողները պահանջում են պահպանել պրոֆեսիոնալ ապահովագրական հիմնադրամը:
ԶԼՄ-ների աշխատակիցները հայտարարում են սոցիալական ապահովագրության հիմնադրամների և իրենց սոցիալական իրավունքների պաշտպանության համար բողոքի ակցիաներն ընդլայնելու պատրաստականության մասին: