ՀԱԿ-ին եւ «Ժառանգությանը» իշխանության հասցեին հայհոյանք եւ սոցիալական դժգոհության վրա կառուցած սպեկուլյացիաներից բացի այլ բան չի բնում հասարակությանն առաջարկել։ Այս մասին դեկտեմբերի 2-ին խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Վստահ եղեք, որ ՀԱԿ-ն ուրախ էր, որ Րաֆիի Հովհաննիսյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի հանրահավաքին այդքան քիչ մարդ էր եկել։ Հիմա նրանք հույս ունեն, որ իրենց հանրահավաքին ավելի շատ մարդ կգա։ Նրանք չեն հասկանում, որ արմատական կոչերով հեռու չես գնա»,- ասել է Շարմազանովը։
Նրա խոսքով, եթե քաղաքական գործընթացներն ընթանան քաղաքակիրթ ձեւով, հասարակության համար վտանգ չկա։ Սակայն արմատական ընդդիմությունը ո՛չ մարտավարություն ունի, ո՛չ ռազմավարություն։ «Երբ ես ուղիղ եթերով հետեւում էի հանրահավաքին, այնպիսի տպավորություն էր, որ իրենք չգիտեն, թե ինչ են անում։ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում էր մի բան, Ժիրայր Սեֆիլյանը՝ մեկ այլ»,- նշել է իշխող կուսակցության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կորցրել է ոչ միայն հասարակության, այլ նաեւ իր խորհրդարանական խմբակցության աջակցությունը։
Շարմազանովը նշել է, որ ՀԱԿ-ը չի կարող անգամ առաջիկա հանրաքվեի համար ընտրատեղամասերում վստահված անձինք հավաքել։ «Այս տարիներին ՀԱԿ-ի շարքերը նոսրացել են։ Ալեքսանդր Արզումանյանն ու Նիկոլ Փաշինյանն այլեւս նրանց հետ չեն։ Հրանտ Բագրատյանը՝ ֆորմալ առումով այո, դե ֆակտո՝ ոչ։։ Լյուդիմիլա Սարգսյանը Սահմանադրական բարեփոխումների կողմնակից է։ Նրանք ասում են, որ կարող են համոզել մարդկանց «ոչ» ասել բարեփոխումներին։ Դուք սկզբում համոզեք Լյուդմիլա Սարգսյանին»,- ասել է Շարմազանովը։