Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է օկուպացնել Թուրքիայի հարավային հատվածը, որպեսզի դադարեցվեն ԴԱԻՇ-ի կողմից Թուրքիային նավթի մատակարարումները։
Քաղաքական գործչի խոսքերով՝ դա միակ եղանակն է նավթի հոսքը կանգնեցնելու համար։ Ժիրինովսկին չի կարծում, որ եթե հարցը մնա Թուրքիային, ապա նա կդադարեցնի այդ մատակարարումները, որոնք փող են բերում նրան։ Ժիրինովսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է Հաագայի միջազգային դատարանին հանձնել Էրդողանին ու նրա ընտանիքին։
Ժիրինովսկին կողմ է արտահայտվել ԴԱԻՇ-ի վերահսկած տարածքներն ազդեցության գոտիների բաժանելուն, և որ ռուսական ու ամերիկյան զորքերը պետք է հանդիպեն Եփրատ ու Տիգրիս գետերի ափերին, որը կլինի հիանալի հանդիպում ու կհիշեցնի 1945 թվականին Էլբա գետի ափին նրանց հանդիպումը։