Հայաստան Քաղաքական Տնտեսություն 

Հայաստանում կարտադրվի տարեկան մոտ 12-14 տոննա ոսկի. Կարեն Ճշմարիտյան

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, կառավարության հերթական նիստի ընթացքում, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտնեց, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված կայացել է «Lydian international» և ֆինանսական խմբերի համաձայնությունը:

Նրա խոսքով՝ ստորագրվել է պայմանագիր, ըստ որի՝ 325 մլն դոլարի չափով ներդրումներ իրականացնելու հանձնառություն է ստանձնվել:

«Սրա արդյունքում 2 տարվա ընթացքում պետք է իրականացվի Ամուլսարի հանքավայրի շինարարությունը և սրան գումարներ են ավելացնելու նաև միջազգային ֆինանսական կորպորացիան և եվրոպական զարգացման և վերակառուցման բանկը: Եվ մոտավորապես ներդրումները կազմելու են 460-480 մլն դոլար, որի արդյունքում մենք կունենանք տարեկան մինիմումը 12-14 տոննա ոսկի՝ արտադրված Հայաստանում: Եվ սրա արդյունքում արդեն արդյունաբերական իմաստով արդյունավետ կդառնա նաև ոսկու ձուլակտորների արտադրության կազմակերպումը հայաստանում»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:

Նախարարը նաև ավելացրեց, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների աճ է գրանցվել՝ ընդ որում՝ բոլոր ուղղություններով:

«Եթե մինչ այդ մենք ունեինք նաև ուղղակի օտարերկրյա ներդումների մասով որոշակի անկում, հիմա այդ մասով էլ կա ավելացում, այսինքնէ՝ բոլոր ուղղություններով և համարյա բոլոր երկրների գծով ունենք օտարերկրյա ներումների ծավալների աճ»,- ասաց նա:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարծիքով՝ այս ծրագրի իրականացումը 2016-2017թթ. համար մեծ տնտեսական ակտիվություն կբերի:

Նույն շարքից