Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով, Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի միջև առկա համագործակցությամբ, այս տարի մեկնարկեցին Արտաշատի խճուղու վերակառուցման և Շիրակի փողոցի երկարացման աշխատանքները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շինարարության ամբողջ ընթացքը գտնվում է պատասխանատուների ամենօրյա խիստ հսկողության ներքո: Շինարարության մեկնարկից մինչև օրս Արտաշատի խճուղում կատարված աշխատանքներին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Անցնելով ճանապարհի ամբողջ երկայնքով` նա իր դիտարկումներն ու դիտողություններն է ներկայացրել պատասխանատուներին՝ հանձնարարելով առաջին հերթին ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների որակը:
«Այս ճանապարհի կառուցմամբ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնեց մայրաքաղաքը շրջանցող ընդհանուր այն մեծ ճանապարհային ծրագիրը, որը Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված է եղել դեռևս տասնամյակներ առաջ: Մայրաքաղաքի հարավային մուտքը՝ Արտաշատի խճուղին, կլինի անընդհատ երթևեկությամբ, միջազգային չափանիշներով ավտոճանապարհ: Շինարարության ընթացքում հաշվի ենք առել նաև հարակից տների բնակիչների առաջարկները՝ զուգահեռ սպասարկող ճանապարհի և մայթերի ձևավորման հետ կապված»,- նկատել է Վահե Նիկոյանը՝ ընդգծելով նաև, որ շինարարության ընթացքում շինարարներն արել են հնարավորը՝ երթևեկությունը հնարավորին չափով կանոնավոր դարձնելու առումով:
Ծրագրով նախատեսվում է կառուցել 2 թունելային ուղեանցեր՝ երկաթուղու և Նորագավիթ 1-ին փողոցի երթևեկությունն ապահովելու համար, ինչպես նաև 270 մ երկարությամբ և մոտ 9 մ բարձրությամբ էստակադա՝ Արտաշատի խճուղու երկաթուղային գծանցի վրայով։ Ճանապարհը հագեցած կլինի ժամանակակից լուսավորությամբ: Կկառուցվի նաև վերգետնյա անցում, որտեղ կտեղադրվեն հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարեցված վերելակներ, ինչն իր տեսակի մեջ առաջինն է լինելու մայրաքաղաքում: Ճանապարհի վերակառուցումն ընթանում է սահմանված ժամանակացույցով: Այստեղ աշխատանքները կշարունակվեն արդեն հաջորդ տարի, իսկ ավտոճանապարհը շահագործման կհանձնվի 2016թ. երկրորդ կեսին:
«Մեր ծրագրերն այսքանով չեն սահմանափակվում: Առաջիկայում նախատեսում ենք մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող մեկ միասնական շրջանցիկ ճանապարհ ունենալ, որը Շիրակի փողոցի Կարմիր բլուրին հարող հատվածից Հրազդան գետի վրա կառուցվող նոր կամրջով, Արգավանդի խճուղով, Բաբաջանյան և Տիչինայի փողոցներով կհասնի մինչև Աշտարակի խճուղի և Դավթաշեն»,- ընդգծել է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն








