Հայաստան Քաղաքական 

Որերորդ անգամ է փորձ արվում ապակայունացնել իրավիճակն ուսումնական հաստատություններում. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ գնահատական կտա Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից ՝ սահմանադրական փոփոխությունների դեմ ընթացող նստացույցին, նշեց, որ քաղաքական գնահատականներ հնչեցնել չի ցանկանում, քանի որ դա արդեն արել են իր կուսակից ընկերները, բայց, որպես նախարար, անդրադարձավ դասադուլի կոչերին:

«Որերորդ անգամ է փորձ արվում ապակայունացնել իրավիճակն ուսումնական հաստատություններում: Ուզում եմ հիշեցնել, որ երկրիս օրենքները բոլորի համար են, և այն քարոզչությունը, որի մասին դուք փորձում եք բարձրաձայնել «Այո» շտաբի կողմից, վերջին երեք օրերի ընթացքում ինտենսիվ իրականացվում է «Ոչ»-ի տվյալ ներկայացուցիչների կողմից բուհերում՝ խախտելով օրենսդրությունը, դասադուլի կոչեր անելով, և այլն:

Ուզում եմ հիշեցնել, որ կրթությունը ոչ միայն իրավունք է, այլ նաև ուսանող դառնալու պարագայում, մեր օրենսդրությամբ, բուհի հետ կնքած պայմանագրով, «Կրթության մասին» և բարձրագույն կրթության մասին օրենքներով՝ նաև ուսանողների պարտականություն: Հետևաբար՝ բոլոր քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնությունները պետք է իրականացնել ուսումնական հաստատություններից դուրս, և ոչ՝ դասերի հաշվին:

Ուսանողը սովորում է իր համար ու իր ճակատագրի համար, իր ապագայի համար, իր քաղաքական հայացքները կարող է ունենալ, ինչը մենք չենք քննադատում, հակառակը՝ ողջունում ենք ակտիվ երիտասարդությանը՝ անկախ իր դիրքորոշումներից: Բայց այդ ամենը պետք է արվի բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում»,- ասաց Աշոտյանը:

Նույն շարքից