Մինչ ԵԽԽՎ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ազդեցության տակ ունեցած ԶԼՄ-ներով շտապում էր առաջին ձեռքից թարմ տեղեկություններ տալ իր «հերոսությունների» մասին ԵԽԽՎ նիստերի ժամանակ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերով հանձնաժողովում ընդունվեց կատարելապես հակահայկական զեկույց:
Որոշ տեղեկությունների համաձայն, Նաիրա Զոհրաբյանի ոչ ադեկվատ պահվածքը պակաս ազդեցություն չի ունեցել նման հակահայկական գործելաոճի վրա: Բնական է, որ եվրոպական հարթակում, որտեղ բոլորը խոսում են չոր փաստերի լեզվով ու առանց հիստերիկ նոպաների, Նաիրայի էմոցիոնալ հարցերն ու պոռթկումները չէին կարող ողջունվել:
Սակայն տիկին Նաիրան շարունակում էր իր ոչ ադեկվատ պահվածքը՝ չհամաձայնեցնելով իր գործելաոճն անգամ պատվիրակության մյուս անդամների հետ, ինչի արդյունքում Էրդողանը կարողացավ երկարաշունչ հակահայկական ելույթ ունենալ՝ Նաիրայի հնչեցրած հարցին ի պատասխան: Հայաստանում այդ ամենը ներկայացվեց բոլորովին այլ կերպ՝ հերոսացնելով տիկին Զոհրաբյանին՝ Էրդողանին հարց ուղղելու քաջության համար:
Տրամաբանական է, որ դա արվում էր իրեն մտերիմ ԶԼՄ-ների միջոցով: Նաիրայի կազմակերպած այս PR ակցիան չէր ունենա լուրջ հետևանք, եթե չլիներ ամբողջովին հակահայկական զեկույցը: Ինչևէ, ասում են, թե համապատասխան օղակներում արդեն հասկացել են, որ Նաիրայի պատվիրակության կազմում մնալն արդեն վտանգավոր է դառնում՝ առավել ևս այս փուլում, երբ Հայաստանի համար շատ կարևոր մարտահրավերներ կան:
Որոշ տեղեկությունների համաձայն, արդեն քննարկվում է Նաիրա Զոհրաբյանին ԵԽԽՎ պատվիրակության կազմից հեռացնելու հարցը: