Ցուցարարները «մահ ռեժիմին», «մենք ենք տերը մեր երկրի» վանկարկումով քայլում են դեպի Բաղրամյան պողոտա: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ժամանակ առ ժամանակ մոտենում է՝ ճշտելու, թե ինչ երթուղով են քայլում, սակայն կազմակերպիչները շարունակում են գաղտնի պահել:
Երթի մասնակիցների ճանապարհը Բաղրամյան պողոտայում փակեց ոստիկանական պատը: Վալերի Օսիպյանը և Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը շարունակեցին պնդել, որ ասեն երթուղին, քանի որ օրենք են խախտում:
Վարուժան Ավետիսյանը նշեց, որ գնում են Մոսկովյան փողոցով, հետո Կորյուն փողոցով կգնան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ և նախորդ օրվա նման կվերադառնան Ազատության հրապարակ:
ԿԸՀ-ի առաջ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, թե վաղը լռության օրն է, և իրենք լռության երթ են անցկացնելու: Իսկ մինչ այդ նա երթի մասնակիցներին տեղեկացրեց, թե վերադառնում են Ազատության հրապարակ: