Հասարակություն 

Գազից թունավորվում են նույնիսկ ամենաթանկ և սարքին ջեռուցման համակարգերի դեպքում

analitik.am

Նոյեմբերի 23-ի գիշերը Մուրացան բժշկական կենտրոն թունավորման ախտանիշներով տեղափոխված երեխաներն այսօր կեսօրին դուրս են գրվել, իսկ թունավորման պատճառը շմոլ գազն է եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց կենտրոնի թունաբան, մանկաբույժ Ռուզան Խաչիկյանը:


«Գիշերը 02:40-ին են բերել, գանգատները՝ թուլություն, գլխացավ, գլխապտույտ: 13-ամյա աղջկա մոտ առկա էին սրտխառնոց, փսխումներ, ուշագնացություն: 19-ամյա Քրիստինեի վիճակը համեմատաբար լավ էր, ուղղակի թուլություն ուներ: Թունավորումից 3 ժամ առաջ երեխաները գտնվել են մի սենյակում, որտեղ գազօջախ է միացված եղել: Թունավորման պատճառն էլ կլինիկորեն ապացուցվել է, որ հենց շմոլ գազն է»,- ասաց բժշկուհին:


Խաչիկյանի խոսքով` այս սեզոնում շատ են շմոլ գազից թունավորման դեպքերը. «Սա արդեն երրորդ դեպքն է, որ երեխաներ են գազից թունավորվում: Սովորաբար ընտանիքի մի քանի անդամներ են միանգամից թունավորվում, թիրախային խումբը երեխաներն են, որովհետև նրանք չեն կարողանում բացատրել, թե ինչու են վատ զգում: Սեզոնն արդեն սկսվել է ու կշարունակվի մինչև մարտի վերջ»:


Բժշկի խոսքով՝ գազի արտահոսք կարող է առաջանալ նույնիսկ սարքին ջեռուցման համակարգերից ու գազօջախներից, ինչպես դա եղել է նոյեմբերի 23-ին քույրերի թունավորման դեպքում. «Փակ տարածքում գազը օքսիդների տեսքով հավաքվում է, որից էլ երեխան թունավորվում է»:


Նույնիսկ ամենաորակյալ և թանկարժեք ջեռուցման համակարգերի դեպքում երկար ժամանակ չօդափոխված սենյակում կարող են առաջանալ օքսիդների կուտակումներ, որոնք հանգեցնում են թունավորման։ Սրանից խուսափելու համար հարկավոր է օդափոխել գազով ջեռուցվող սենյակը և ուշադիր լինել, հատկապես երեխաների նկատմամբ։

Նույն շարքից