Քաղաքական Միջազգային 

Բազմահազարանոց ցույցեր Հարավային Կորեայում. Ցուցարարները պահանջում են նախագահի հրաժարականը

Շաբաթ օրը մոտ 30 հազար մարդ Սեուլի կենտրոնում ցույցի է դուրս եկել` պահանջելով Կորեայի Հանրապետության նախագահ Պակ Կին Հեի հրաժարականը: Նրանք նախագահին մեղադրում են տեղական փոքր արտադրողների շահերը խոշոր բիզնեսին զոհաբերելու, ինչպես նաեւ երկրի պատմությունը խմբագրելու փորձերի համար:

Ի սկզբանե ոստիկանությունն արգելել էր զանգվածային հանրահավաքի անցկացումը անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն կազմակերպիչները դատարանում հաջողությամբ վիճարկել են այդ որոշումը:   Սա այս ամսվա ընթացքում հարավկորեական մայրաքաղաքում արդեն երկրորդ խոշոր հանրահավաքն է: Նոյեմբերի  14-ի ցույցին առնվազն 60 հազար մարդ էր մասնակցել, իսկ հանրահավաքն ավարտվել էր ոստիկանության հետ բախումներով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ֆերմերների վրդովմունքի պատճառը Կորեայի հանրապետության եւ ՉԺՀ-ի միջեւ ազատ առեւտրի պայմանագրի վավերացումն է: Նրանք կառավարությունից պահանջում են արտոնություններ տրամադրել եւ փոխհատուցում վճարել, որոնք նրանց կօգնեն մրցել չինացի արտադրողների հետ:   Հանրահավաքի մնացած մասնակիցները հանդես են գալիս միջին եւ բարձր դպրոցների համար պատմության միասնական դասագիրք ստեղծելու կառավարության նախաձեռնության դեմ, որով վերացվում է այլընտրանքային դասագրքերի նախկին համակարգը: Նրանց կարծիքով, դա արվում է այն բանի համար, որպեսզի երիտասարդության շրջանում ներկայիս իշխանություններին անհրաժեշտ մոտեցումներ շրջանառվեն, այդ թվում նաեւ` դրական լույսի ներքո ներկայացվի գեներալ Պակ Չժոն Հին, որը ներկայիս նախագահի հայրն է:   Նա ավտորիտար եղանակով կառավարել է Հարավային Կորեան 1963-ից մինչեւ 1979-ին իր սպանությունը:

Բողոքի ակցիային մասնակցում են Արհմիությունների կորեական կոնֆեդերացիան, Ֆերմերների ասոցիացիաների ֆեդերացիան, ինչպես նաեւ քաղաքացիական մի շարք միավորումներ:

 

Նույն շարքից