Հայաստան Քաղաքական գլխավոր 

Մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն

Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։

Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1997 ընտրատեղամասերում։

Հայաստանի նորանկախ պատմության մեջ սահմանադրության երրորդ հանրաքվեն կշարունակվի մինչեւ 20:00-ն, որից հետո կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը:

Ոստիկանության տվյալներով, ընտրացուցակներում ընտրողների թիվը  2 մլն 550 հազար 323 մարդ է: Հայաստանի ԿԸՀ-ն երեք ժամը մեկ ներկայացնելու է այդ պահի դրությամբ քվեարկությանը մասնակցածների թիվը։

Համաձայն  օրենսդրության` հանրապետությունում ընտրությունների օրը ոչ աշխատանքային է:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դիտարկելու են 18 տեղական եւ չորս միջազգային կազմակերպություններ, մասնավորապես, ԱՊՀ դիտորդական առաքելությունը (44 դիտորդ), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը (23 դիտորդ), ԵԽԽՎ-ն (11 դիտորդ), ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (5 դիտորդ)։ 33 դիտորդներ կլինեն օտարերկրյա ԿԸՀ-ների կողմից, եւ 7 դիտորդ՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանություններից։

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվում է երկրում կառավարման մոդելի փոփոխություն` կիսանախագահական համակարգը փոխարինելով պառլամենտական համակարգով և հարյուր տոկոս համամասնական ընտրակարգով:

Վարչապետի թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է ԱԺ-ում ներկայացված ուժերին:  Վարչապետին անվստահություն կարող է հայտնվել նրա նշանակումից ոչ շուտ, քան 1 տարի հետո, որպեսզի ընտրված վարչապետը և նրա կառավարությունը բավարար ժամանակ ունենա իրականացնելու իր ծրագիրը:

ՀՀ նախագահին ընտրում է Ազգային ժողովն` անուղղակի ընտրությունների միջոցով:

Ընտրության երկրորդ փուլն անցկացվում է պատգամավորների երեք հինգերորդի մեծամասնությամբ, եթե չկա մեծամասնություն որևէ թեկնածուի շուրջ, ապա նախագահն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Մի շարք առանցքային մարմիններում և պաշտոններում՝ Կենտրոնական բանկի ու Վերահսկիչ պալատի նախագահները, ինչպես նաև Գլխավոր դատախազի, Սահմանադրական դատարանի անդամներն ընտրվում են ձայների երեք հինգերորդով:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով:

Նույն շարքից