Հայաստան Քաղաքական 

Ժամը 08։00-ին բացվել են թվով 1989 տեղամասային կենտրոններ. Տիգրան Մուկուչյան

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկության կազմակերպման համար Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել են 1997 տեղամաս և նույնքան էլ տեղամասային հանձնաժողով։ Այս մասին այսօր տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նրա խոսքով՝ նշված տեղամասերից 8-ը տեղակայված են Քրեակատարողական հիմնարկներում, որոնք հանձնաժողովի կողմից ընդունված որոշման համաձայն դրանցից մեկը պետք է բացվի ժամը 11-ին, մյուսները՝ 17։00-ին։ Մնացած 1989 տեղամասային կենտրոնները բացվել են առավոտյան ժամը 8։00-ին ու ընդունել առաջին քվեարկողներին։

«Նշված տեղամասային ընտրական հանձնաժողովներում, ընդհանուր առմամբ, նշանակված են եղել 15 հազ. 976 քաղաքացիներ, որպես հանձնաժողովի անդամներ։ Այսօր առավոտյան աշխատանքներին չեն ներկայացել ընդհանուր թվով 141 հանձնաժողովի անդամ, որոնց փոխարեն սահմանված կարգով նշանակումներ են եղել՝ համապատասխան ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից։ Նաև տեղեկացնեմ, որ ըստ ընտրատարածքներից ստացված տեղեկատվության, տեղամասերի բացման պահին տեղամասերի մոտ 85-90%-ում ներկա են գտնվել վստահված անձինք, դիտորդներ կամ ԶԼՄ ներկայացուցիչներ։ Ըստ էության լիարժեք ծավալով ապահովված է հրապարակայնությունը»,-ասաց նա։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:

Նույն շարքից