Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովում դեռևս հանրաքվեի անցկացման վերաբերյալ գրավոր դիմում-բողոքներ չեն ստացվել։ Այս մասին այսօր ԿԸՀ մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ դրանք ունենալուն պես տեղեկատվություն կհաղորդեն, իսկ այժմ աշխատանքները շարունակվում են։
Նունե Հովհաննիսյանի խոսքով՝ մինչև հանրաքվեի մեկնարկը, նշանակման օրից մինչև նախորդ օրը, այսինքն` հոկտեմբերի 10-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով ստացվել և մուտքագրվել է թվով 22 դիմում։
«Դիմումներից 5-ի վերաբերյալ հանձնաժողովը կայացրել է համապատասխան որոշումներ. երկուսը վերաբերում էին տեղամաային հանձնաժողովների անդամների որակավորման վկայագրերի ժամկետի երկարաձգման խնդրին, ինչը բավարարվել է, իսկ մյուս երեք դիմումներով, դիմումատուների ներկայացրած պահանջը չէր բավարարում օրենքին և հանձնաժողովի կողմից մերժվել են։ Դրանցից մեկը վերաբերում էր քարոզչական պաստառներին, որոնք հատուկ տեղերում հատկացված երկու վահանակների վրա էին փակցված, իսկ վերջին դիմումով քաղաքացիները խնդրել էին հանրաքվեի քարոզչություն իրականացնել հանրային հեռուստատեսությամբ կամ հանրային ռադիոյով վճարովի կամ անվճար հիմունքներով, ինչը օրենքի սահմաններում վերապահված է բացառապես հատուկ սուբյեկտներին, ինչի համար էլ հանձնաժողովը մերժել է»,-ասաց նա։
ԿԸՀ-ն անընդհատ 7 քաղաքացիներից ստացել է դիմումներ, որոնք խնդրում էին իրենց տվյալները հանել հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցանկից։ «Դրանք վերահասցեագրել են ռեգիստրը վարող լիազոր մարմնին»,-ասաց նա։