Ինչպես հայտնել էինք, այսօր առավոտյան ԿԸՀ-ն արդեն կազմել է սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքների արձանագրությունը: «Այո» քվեարկած ընդհանուր քվեաթերթիկների թիվը 825 851 է, «ոչ»-երի թիվը՝ 421 600: Անվավեր է համարվել 53 332 թվեաթերթիկ:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տարաբնույթ մեկնաբանություններին, խախտումներին և դրանց վերաբերյալ մեկնաբանություններին, ասաց.
«դրանց համար «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը և «Ընտրական օրենսգիրքը» սահմանում է համապատասխան ընթացակարգեր: Օրենքով ամրագրված է, որ վերջնական արդյունքների արձանագրություն և որոշման ստորագրությունը տեղի է ունենալու 7-րդ օրը: Ի դեպ, այդ ժամանակահատվածը նախատեսված է առկա դիմում-բողոքների քննության և արդյունքում վերջնական որոշումներ ընդունելու համար»,-ասաց Մուկուչյանը` հավելելով, որ հանձնաժողովն, այնուամենայնիվ, գիշերվա ընթացքում որևէ դիմում չի ստացել:
Ըստ Մուկուչյանի, վերահաշվարկի գործընթացը սկսելու համար դիմումներ ներկայացնելու ժամկետ գոյություն ունի. վերահաշվարկի համար կարելի է ԿԸՀ դիմել այսօր ժամը 12:00-18:00-ն.«Երբ կավարտվի վերոնշյալ ժամկետը, հանձնաժողովը կամփոփի և վերջնական տեղեկատվություն կներկայացնի` թե՛ դիմումների հետ կապված, թե՛ գրանցամատյաններում առկա գրառումների վերաբերյալ»: