Հայաստան Քաղաքական 

ՀԱԿ-ի երեք պատգամավոր արհամարհեցին Լևոն Տեր-Պետրոսյանի կոչը. Շարմազանով

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱԺ «Հայ ազգային կոնգրեսի» 3 պատգամավորներն արհամարհեցին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կոչը՝ բոյկոտել ԱԺ նիստերը:

«Կարծում եմ, որ բոյկոտի որոշումը նույնիսկ «Հայ ազգային կոնգրեսում» ծանր չեն տանում, ուր մնաց մենք ծանր տանենք, որովհետև 6 հոգուց 3-ը մնացին դահլիճում: Արձանագրենք, որ Զուրաբյանի կոչին, իսկ դա կարելի է ասել Տեր-Պետրոսյանի կոչն էր, կամ հրահանգը, չգիտեմ՝ իրենց մոտ ինչպես է, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Լյուդմիլա Սարգսյանը չարձագանքեցին: Եթե բոյկոտի կոչին արհամարհում են խմբակցության անդամները, չեն միանում, Շարմազանովն ասի, չասի պատկերը պարզ է»,- նշեց խորհրդարանի փոխնախագահը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն այսօր ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանական նիստը բոյկոտելու մասին՝ երեկվա սահմանադրական հանրաքվեն կեղծված համարելու համար:

Էդուարդ Շարմազանովն ասաց, թե միջազգային դիտորդների, լրագրողների ներկայությունը ընտրատեղամասերում, անհնարին են դարձնում որևէ լայնածավալ ընտրակեղծիք:

«Ես ասում եմ՝ փաստեր բերեք, բայց Զուրաբյանը ինձ մի փաստ է տալիս: 10 փաստ էլ լինի, դա չի նշանակում, որ 825 հազարը դառնալու է 300 հազար: Մենք չենք ժխտում, որ միգուցե եղել են խնդիրներ, բայց ես վստահ եմ, որ խախտումների համար կտրվեն համապատասխան գնահատականներ»,- նկատեց նա:

Էդուարդ Շարմազանովը նշեց, թե ՀԱԿ-ն այս քայլով իրեն դրեց լուսանցքից դուրս, որովհետև իր իսկ խմբակցության 3 անդամները արհամարհեցին որոշումը:

Նույն շարքից