2016թ.-ի բյուջեի լրամշակված տարբերակը ներկայացնելուց հետո ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցն ուղղված էր ավելի շատ ոչ թե բյուջեն ներկայացրած Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին, որքան՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
Ըստ նրա՝ ԱԺ նախագահը մշտապես կանոնակարգ օրենք է հղում անում և պահանջում անջատել ընդդիմադիրների միկրոֆոնները, պատճառաբանելով, թե թեմային չվերաբերող հարց են արծարծում: Մինչդեռ, ըստ նրա, բյուջեն ներկայացնում է Ֆինանսների փոխնախարարը, այն դեպքում, երբ կանոնակարգ օրենքն ասում է, որ պետք է կա՛մ վարչապետը ներկայացնի, կա՛մ էլ նրա լիազոր ներկայացուցիչ բարձր պաշտոնյան, այսինքն՝ Ֆինանսների նախարարը:
«Կետ չկա, որ մենք պետք է լսենք Պավել Սաֆարյանին, ինչո՞ւ չի զեկուցում վարչապետը կամ ֆինանսների նախարարը»,-հարցրեց Փաշինյանը:
ԱԺ նախագահը նշեց, թե ինքը ոչ թե ընդդիմադիր պատգամավորների խոսափողն է անջատում, այլ այն պատգամավորների, որոնք քննարկվող հարցերից դուրս ինչ-որ խոսքեր են ասում կամ այլ ուղղությամբ են խոսում. կապ չունի՝ ընդդիմադիր պատգամավոր է, թե իշխանավոր:
Իսկ ինչ վերաբերում է Պավել Սաֆարյանին, ապա, ըստ Գալուստ Սահակյանի, հենց կանոնակարգ օրենք էլ թույլ է տալիս, որ պաշտոնյա ներկայացնի և նման նախադեպեր ունեցել են. Պավել Սաֆարյանն էլ ղեկավար մարմնի անդամ է:
Պավել Սաֆարյանն էլ նշեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այստեղ է և ելույթ կունենա, իսկ նախարարը տեխնիկական պատճառով բացակայում է, քանի որ մասնակցում է ԵՏՄ ֆինանսների նախարարի հանդիպմանը:
«Անկեղծ ասած յալվար չենք վարչապետի կամ ֆինանսների նախարարի ելույթին, կանոնակարգից ենք խոսում»,-արձագանքեց Փաշինյանը՝ օրինակ բերելով, թե երեկ Արմեն Աշոտյանին թույլատրվեց արձագանքել Զարուհի Փոստանջյանի բարձրացված հարցին, որն, ի դեպ, ԱԺ նախագահը պահանջել էր անջատել խոսափողը:
«Եթե սկզբունք եք պահում, պահպանեք բոլոր սկզբունքները։ Թե չէ ասել վարչապետն այստեղ չի, նախարարը այստեղ չի: Իմ համոզմամբ՝ ԱԺ-ից կարևոր տեղ չի կարող լինել»,-ասաց Փաշինյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան էլ հակադարձեց, թե Աշոտյանը պատասխանեց, որովհետև հարցն այն ժամանակ տրվեց, երբ զեկուցողն ինքն էր և դրա իրավունքն ուներ: Բացի այդ, ըստ նրա, բարեկիրթ քննադատության ժամանակ ոչ մի խնդիր չի տեսնում:
«Չեմ կարծում ինչ-որ բան է եղել՝ դուք էլ հետամուտ եք լինում դրան»,-եզրափակեց Գալուստ Սահակյանը։