Ցավով պետք է նշեմ, որ տեղի ունեցած ամբողջ գործընթացը որևէ բանով չտարբերվեց նախկին հանրաքվեներից: Ես կցանկանայի` այնպիսի գործընթաց լիներ, որ ընտրական համակարգի հանդեպ հանրության վստահության բարձրացում տեղի ունենար, իսկ մենք չունեցանք դա, այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
Նրա խոսքով` մի բան պետք է հասկանալի լինի. երբ խնդիրը վերածվում է անձերի իմաստով քննարկման, եղած համակարգում փոփոխությունների որևէ հնարավորություն չի լինում:
«Այսօրվա եղած համակարգում անհուսալի գործ է փոփոխություններ բերել, եթե դա անձերի հետ է կապված: Մենք պետք է համակարգ փոխենք, իսկ դա փոխվելու է միայն այն դեպքում, եթե ապագա փոփոխություններին լուրջ վերաբերվենք ու կարողանանք տեսլականները կյանքի կոչել: Այլ պարագայում ունենալու ենք նույն այս իրավիճակը և որևէ փոփոխություն չենք տեսնելու: Մի բան պետք է փաստեմ` ինչքան էլ տեղեկություններ եղան, որ գումարներ են բաժանել և այլն, միևնույնն է, գումար բաժանելն այլևս չի աշխատում. մարդիկ, ովքեր գնալու են «ոչ» ասելու, գնալու են «ոչ» են ասելու: Նման մարդիկ չեն ընկրկել ճնշումների ու սպառնալիքների առաջ, ու այդ մարդկանց թվում, վստահ եմ, նաև զիվորներ են եղել: Նույնիսկ 2013թ.-ին եղան շատ զինվորներ, որոնք բարձրաձայն հայտարարեցին` իրենք ընտրում են այլ թեկնածուի: Այնպես որ, կառավարությունն այսօր որքան էլ փորձի թաքնված հրամաններ տալ ու սպառնալ, մենք ունենք երիտասարդություն, որը փոխվել է»,- ընդգծեց պարոն Պողոսյանը:
Նա նաև շեշտեց` ցանկացած ուժ, որը կհայտնվի ապագա խորհրդարանում, պետք է փորձի իր նախընտրական ծրագիրը կյանքի կոչել: Ըստ նրա` մեր հանրությունն ի վերջո պետք է գիտակցի, որ գնալով իրենք ծրագրեր պետք է ընտրեն, ոչ թե միայն անձեր, որովհետև անձերը փոխվում են, իսկ իրավիճակի փոփոխման խնդիրը մնում է:
«Մենք իսկապես պետք է կարողանանք ժողովրդավարության այդ աստիճանը զարգացնել, որտեղ նախընտրական ծրագիրն ուղղակի խոստումների գեղեցիկ մի տուփ չի լինի, որը մենք տպելու ենք ու բաժանելու ժողովրդին: Դա այն ծրագիրն է, որը պարտավոր են կյանքի կոչել` ստանալով մարդկանց քվեն»,- ասաց նա:
Անդրադառնալով նաև տեղի ունեցող հանրահավաքներին ու բողոքի ցույցերին` Թևան Պողոսյանը նկատեց` ցանկացած պայքար իր արդյունքն ունենում է, որը կգնահատվի ապագայում: Կարևորը` մարդիկ ազնիվ են իրենց խղճի առաջ ու իրենց պայքարով կարողանում են փոքրիկ փոփոխություն բերել տեղի ունեցող գործընթացներում: «Մենք բազմիցս առիթներ ունեցել ենք այդ պայքարների արդյունքները տեսնելու, ու հենց այդ իմաստով էլ պետք է գնահատենք մեր պայքարը»,- նշեց նա:
Վերջում Թևան Պողոսյանը կոչ արեց ընդդիմությանն ու հասարակությանը լծվել աշխատանքի, որպեսզի մինչև 2017 թվականի մայիս ամիսը ընդունվեն բոլոր կարևոր օրենքները` նոր համակարգի անցնելու ու որակական փոփոխություններ ունենալու համար:
«Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ առնվազն թույլ չտանք` եղած համակարգի սխալներն ու խնդիրները կրկնվեն: Այդ հարցում մեծ աշխատանք է սպասվում բոլորին: Երկար ճանապարհով ենք գնում դեպի փոփոխություն, բայց ես վստահ եմ, որ եթե չհոգնենք ու գնանք, ապա տեղ կհասնենք...»,- ասաց նա: