Գլխավոր Վերլուծական 

Ով ինչպես աշխատեց ՀՀԿ-ի համար

analitik.am

Հանրաքվեի արդյունքներին նայելիս բավականին բան է պարզվում ՀՀԿ-ական թիմի մասին: Միանգամից աչքի է զարնում այն, թե ով ինչպես է աշխատել հանրաքվեի համար:

Գաղտնիք չէ, որ մեծամասնական կարգով ընտրված պատգամավորների գործունեության հիմնական նպատակը ընտրությունների ժամանակ անհրաժեշտ ձայների ապահովումն է: Այս առումով բավականին հետաքրքիր պատկեր ստացվեց:

«Այո»-ն դրական արդյունքներ գրանցեց. Զեյթուն՝ 36-ից 20 ընտրատեղամասում Նոր Նորք՝ 37-ից 23-ում Ավան՝ 36-ից 20-ում Մալաթիա Սեբաստիա՝ 35-ից 23-ում և 35-ից 27-ում Էրեբունի-Նուբարաշեն՝ 78-ից 49-ում: Ջախջախիչ պարտություն կրեցին Կենտրոն և Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջաններում: Այստեղ հետաքրքիրն այն է, որ պարտվեցին թե Գարեգին Նուշիկյանը, թե Ռուբեն Սադոյանը:

Նշենք, որ 10-րդ ընտրատեղամասում հաղթած 12 ընտրատեղամասերից 5-ը Նորք Մարաշի ընտրատեղամասերն են, որտեղ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, «Այո»-յի օգտին աշխատել է ոչ թե ՀՀԿ-ն, այլ ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի որդին՝ Հակոբ Մանուկյանը, ում ապահոված ձայների շնորհիվ, ի դեպ, 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթեց Գարեգին Նուշիկյանը:

Այդ մասին անգամ մամուլում գրվեց՝ մեղադրելով ԲՀԿ-ին իշխանության թեկնածուներին պաշտպանելու մեջ: Նախագահական ընտրությունների ժամանակ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը լինելով 10-րդ ընտրատեղամասի ընտրող, պարտվեց իր սեփական ընտրատեղամասում:

Զարմանալի է, որ Գարեգին Նուշիկյանը որևէ ակտիվություն չկարողացավ ապահովել իր տարածքում՝ կարող էր գոնե թե շփվել իրեն ընտրած մարդկանց հետ այս տարիների ընթացքում: Արաբկիրում նույնպես վիճակը չի կարելի դրական գնահատել՝ ամենայն հավանականությամբ Արտակ Սարգսյանն այլևս չի ցանկանում քաղաքականությամբ զբաղվել, ուստիև ակտիվ լինելու իմաստ չկա:

Ինչ վերաբերում է Նոր Նորքին, Զեյթունին և Ավանին, ապա այստեղ աշխատել է քաղաքային իշխանությունը, այլ ոչ թե մեծամասնական կարգով ընտրված պատգամավորները: Զեյթունի պարագայում նաև Միհրան Պողոսյանի աշխատանքի արդյունքում է «Այո»-յի օգտին ձայներ ապահովվել: Գաղտնիք չէ, որ այս տարածքում նրա ունեցած ազդեցությունը բավականին մեծ է:

Մալաթիա-Սեբաստիայում և Էրեբունիում Սամվել Ալեքսանյանը և Մհեր Սեդրակյանը փայլուն ցուցանիշներ ցույց տվեցին: Այն, որ Էրեբունիում Մհեր Սեդրակյանի ազդեցությունը բավականին մեծ է, որևէ մեկը չի կարող հերքել:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Սեդրակյանն ակտիվ աշխատել է նաև «Այո»-յի քարոզարշավի ողջ ընթացքում՝ բազմաթիվ հանդիպումներ ունենալով բնակչության հետ: Մեր ունեցած տեղեկությունների համաձյան, Էրեբունիում ապրող բազմաթիվ ընտանիքներ տարիներ շարունակ օգնություն են ստանում Սեդրակյանի կողմից, ինչը, բնականաբար, չի կարող ազդեցություն չունենալ այդ մարդկանց վերաբերմունքի վրա:

Ինչ վերաբերում է Սամվել Ալեքսանյանին, ապա չի կարելի հերքել, որ Մալաթիա-Սեբաստիայի բնակիչները նրան ընդունում են՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ թաղամասում բնակվող մարդկանցից շատերն աշխատում են Ալեքսանյանին պատկանող ընկերությունում: Հանրաքվեն ցույց տվեց, թե ՀՀԿ-ն որ ընտրատեղամասերում խնդիրներ ունի, ուստիև կադրերի փոփոխության անհրաժեշտություն:

Երևանի տարածքում ՀՀԿ-ն բավականին անելիքներ ունի Կենտրոն վարչական շրջանում, Նորք Մարաշում, չնայած այստեղ ՀՀԿ-ն կարող է հանգիստ հենվել ԲՀԿ-ական Հակոբ Մանուկյանի վրա, առավել ևս, որ այժմ քննարկվում է ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա կազմելու հարցը: Արաբկիրում և Դավթաշենում ՀՀԿ-ն նույնպես լուրջ խնդիրներ և անելիքներ ունի:

Նշենք նաև, որ այժմ ակտիվ խոսակցություններ են գնում կոալիցիա կազմելու ուղղությամբ, և հանրաքվեի արդյունքները լուրջ ազդեցություն կունենան թե կոալիցիայում ունեցած պորտֆելների քանակի, թե պաշտոնների նշանակման և պաշտոնաթողության վրա:

 

Մարզերի գրանցած արդյունքներին կանդրադառնանք հաջորդիվ:

Նույն շարքից