Հայաստան Քաղաքական 

Ընտրակեղծիքների կադրերը մոնտաժված են եղել. Հովիկ Աբրահամյան

Հայաստանի վարչապետ, «Այո»-ի կենտրոնական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը ընտրակեղծիքների վերաբերյալ կադրերը մոնտաժված են եղել, գրում է News.am-ը:

«Սոցցանցերում եմ տեսել, տեսել եմ, որ տարածել են շահագրգիռ մարդիկ, ովքեր ուզում են սեւացնել, ստվերել ընտրությունների արդյունքները, եւ դա որեւէ հիմք չի, քանի որ տեխնիկայի պայմաններում տարբեր նկարներ են ստեղծում, գցում են սոցցանցեր: Այո կարծում եմ, որ դրանք մոնտաժված էին, դրա համար թող պետական մարմինները ստուգեն: Եթե խախտումներ լինեն, խախտողները կպատժվեն»,- այսօր՝ դեկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը՝ հորդորելով խոսել միայն փաստերով եւ պատկան մարմինների քննությունից հետո:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ իրենք արել են ամեն ինչ, որ հանրաքվեն անցնի արդար, իրենք նույնպես նախորդ օրերին հրավիրել են իրենց համախոհներին եւ պահանջել «արջի ծառայություն» չմատուցել:

Նշենք, որ դեկտեմբերի 7-ին վաղ առավոտյան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ հանրաքվեի քվեարկության ժամանակ «Այո» է քվեարկել ընտրողների 825 851 ընտրող (63,35 տոկոսը), «Ոչ»՝ 421600 ընտրող (32,35 տոկոսը):

Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 53 332, անճշտությունների թիվը՝ 824:

Նույն շարքից