Երեկ՝ դեկտեմբերի 8-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում Լամբադա կամրջի վրա բախվել են 27-ամյա Արտյոմ Ավագյանի վարած Mercedes մակնիշի 80 CQ 909 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 FO 520 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի ուղևորը ով երիտասարդ աղջիկ է տեղում մահացել է: Վթարի հետևանքով 2 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ, որոնց օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադները տեղում բուժօգնություն են ցուցաբերել, իսկ հետո 16-ամյա Նարեկ Ավչյանին տեղափոխել են թիվ 8-րդ հիվանդանոց:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17-րդ ջոկատը հրամանատարի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ և թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատի 3-րդ խումբը, խմբի պետ Արման Նաղդալյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՏԿԱԻՆ Փրկարարական ուժերի վարչության պետ, Արսեն Արշակյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի դին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փախանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն , որտեղից վթարի վայր են ժամանել պետի տեղակալ Արտաշես Վանյանը և քննիչ Գոռ Թադևոսյանը: Փաստի առթիվ քննիչ Գ. Թադևոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 07-ի վարորդի և մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Mercedes-ի վարորդը ՀՀ ՊՆ աշխատակից է: