Հայաստան Քաղաքական 

Մարդկանց սոցիալիզացիայի շատ ցածր մակարդակը խանգարում է ՀՅԴ-ին

ՀՅԴ 125-ամյակին նվիրված` «ՀՅ Դաշնակցությունը և հայոց պետականությունը» խորագրով գիտաժողով է ընթանում ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Դաշնակցության դերակատարությանն ու քաղաքական ճանապարհին: Նրա խոսքով` իրենք չէ, որ պետք է ասեն, թե Դաշնակցությունն ինչ դեր է ունեցել, յուրաքանչյուրը պետք է ընտրի` ինչ ազդեցություն է թողել իր վրա Դաշնակցությունը:

«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, մի հասարակության մեջ, որը վերափոխվելու, գիտակցության բարձրացման, կազմակերպվելու լրջագույն խնդիր ունի` գումարած մեր մյուս պրոբլեմները, որոնք խանգարում են մեր կուսակցությանը` արտագաղթ, մարդկանց սոցիալիզացիայի շատ ցածր մակարդակ, միջին խավի գրեթե բացակայություն: Սրանք այնպիսի իրողություններ են, որոնք հնարավորություն չեն տալիս լավագույնս դրսևորվելու»,- ասաց Վարդանյանը:

Անդրադառնալով դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեին՝ ասաց.   «Դուք որտե՞ղ եք տեսել, որ Դաշնակցությունը լռել է: Ինչ որ ասվում է, թող լինի հիմնավոր: Հանրաքվեի հաջորդ օրը Դաշնակցության Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչը մեծ հարցազրույց էր տվել և բոլոր հարցերին անդրադարձել: Ամեն ինչի մասին մանրամասն խոսել ենք, գնահատականներ տվել ենք: Մենք երբեք չենք ասել, որ ամեն ինչ անթերի է: Մեր իրականությունը ճանաչելով, մեր ընտրական համակարգը իմանալով` սկզբից ասել ենք, որ մեզ համար շատ կարևոր է, որ հնարավորինս նորմալ հանրաքվե անցկացվի: Հնարավորինս` նշանակում է, որ հասկանում ենք, որ լինելու են ընտրակեղծիքներ, խախտումներ, չարաշահումներ: Այո, եղել են խախտումներ, բայց դրանք պետք է ունենան գնահատման չափանիշներ»:

Պատասխանելով հարցին, թե նոր Սահմանադրությամբ կա՞ ռեալ շանս, որ Դաշնակցությունը կդառնա մեծամասնություն խորհրդարանում, Վարդանյանը պատասխանեց. «Անկեղծ լինելու համար ասեմ, որ առաջիկա 17 թվականին ես նման հնարավորություն չեմ տեսնում: Դաշնակցությունն այն քաղաքական ուժն է, որ հետևողականորեն ճիշտ ճանապարհով է ընթանում, և առաջիկայում մենք շատ ավելի իրական, ռեալ դերակատարություն կունենա ՀՀ քաղաքական կյանքում»:

Նույն շարքից