Հայաստան Քաղաքական 

ՊՆ-ն առաջարկում է կրկնապատկել հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորների ստաժը

ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է կենսաթոշակային օրենքում փոփոխություններ կատարել և զինվորական ծառայություն ունեցող անձանց, ովքեր սահմանում են անցել զինվորական ծառայությունը, կրկնապատկել ստաժը: Ազգային ժողովում օրինագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն ասաց, որ փոփոխությունը թույլ կտա բարձրացնել նրանց սոցիալական պաշտպանվածությունը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հետաքրքրվեց՝ օրենքը ազդելո՞ւ է այն մարդկանց վրա, ովքեր հինգ կամ վեց տարի առաջ են սահմանային ծառայության եղել: Պաշտպանության փոխնախարարը պատասխանեց, թե օրենքը կիրառվելու է նրանց վրա, ովքեր մինչև 2016թ.-ը պայմանագրային ծառայության կլինեն ու կվաստակեն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ հարցրեց՝ սա վերաբերելու է նաև նրանց, ովքեր մեկ անգամ հերթապահություն են իրականացրե՞լ:

«Խնդիրը միանշանակ ամրագրված է՝ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնել: Կան համապատասխան հերթափոխներ, որոնց համար որոշակի ժամանակահատված է սահմանված: Հիմա որքան կլինի այդ ժամանակահատվածը, այդքան կկրկնապատկենք»,- պատասխանեց Արա Նազարյանը:

Նրա խոսքով՝ մարտական հերթապահություն իրականացնելու համար զինվորը 6 ամիս ուսումնական պրոցես է անցնում, ինչից հետո կատարվում է համապատասխան բաշխում՝ ծառայությունն իրականացնելու համար: Այսինքն՝ զինվորը չի կարող ցանկանալ հերթապահություն անցնել՝ իմանալով, որ իրեն նման արտոնություններ են տրվելու:

«Սա վերաբերում է բոլոր նրանց, ովքեր մարտական գծում զինվորական հերթապահություն են իրականացրել»,- նկատեց նա:

Նույն շարքից