Հայաստան Քաղաքական 

Զարուհի Փոստանջյանը հարց տալու փոխարեն երաժշտություն էր միացրել ԱԺ–ում

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խոսափողին մոտեցավ համակարգչով և փփորձեց երգ միացրել, որը խոսափողի ցածր ձայնի պատճառով լավ չէր լսվում։

Երաժշտության ձայնը լսելուն պես ԱԺ նախագահը հորդորեց անջատել խոսափողը և այն միացնել միայն Զ. Փոստանջյանի խոսքի համար: «Հեսա կանցնի, համբերեք»,- դիմելով խորհրդարանում դժգոհող պատգամավորներին ասաց Սահակյանը:

Ապա Զարուհի Փոստանջյանը նշեց. «Պարոն Գալուստ Սահակյան, հորդորում եմ մի քիչ զուսպ լինել, որովհետև այդպիսի դրսևորումները Ձեզ չեն գեղեցկացնում, ձեր հետևից տգեղ արտահայություններ են անում…»: «Կարևորը որ ձեր դիմացից են ասում»,- հակադարձեց Գալուստ Սահակյանը:

Անդրադառնալով երաժշտությանը, որը Զարուհի Փոստանջյանը փորձեց միացնել խորհրդարանական դահլիճում, վերջինս ասաց. «Ուզում էի այս ժապավենը լսելի դարձնել, բայց պարզվեց տեխնիկական պայմաններ չկան: Համացանցում շուտով այս տեսահոլովակը լինելու է: Սա կոչ է, ուղղված դեկտեմբերի 11-ին Ազատության հրապարակում տեղի ունեցող համաժողովրդական շարժմանը, որտեղ պետք է  քննարկենք՝ ինչպես ազատվել այս հանցավոր ռեժիմից, պիտի ներկայացնենք օրակարգը, գործողությունների ծրագիրը: Մենք համաժողովրդական գործադուլ ենք անելու, որով կաթվածահար ենք անելու գործող ռեժիմը»:

Փոստանջյանի խոսքի շարունակությունը լսելի չդարձավ, որովհետև նրա խոսափողն անջատեցին: Ապա Գալուստ Սահակյանը Զարուհի Փոստանջյանի ելույթը որակեց որպես «մշակութային միջոցառում» ու խոսափողի մոտ հրավիրեց Արծվիկ Մինասյանին:

Նույն շարքից