Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

Ընդդիմության վախճանը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովը ձայների 97 կողմ, 12 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց 2016 թվականի պետական բյուջեի մասին օրենքը: Քվեարկության այսպիսի պատկերն այլ կերպ, քան խայտառակություն, դժվար է անվանել: Եվ խնդիրն ամենևին բյուջեում ներկայացված թվերը չեն: Սա, թերևս, առաջին դեպքն է Հայաստանի պատմության մեջ, երբ բյուջեի նախագիծը ստանում է այսքան քիչ թվով դեմ ձայներ: Սա վկայում է, որ ընդդիմություն՝ որպես այդպիսին, Հայաստանում գոյություն չունի: Կամ գոյություն չունի խորհրդարանում:

Բայց քանի որ խորհրդարանից բացի՝ գոյություն ունենալու մյուս վայրը փողոցն է, իսկ փողոցում ևս ընդդիմություն գոյություն չունի, պետք է արձանագրել, որ Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի ընդհանրապես: Խնդիրը, իհարկե, այն չէ, որ ավելի շատ դեմ ձայները կարող էին տապալել բյուջեի նախագծի ընդունումը, պարզապես բյուջեի մասին օրենքը յուրահատուկ կատալիզատոր է, որը ցույց է տալիս երկրում իրական ընդդիմության առկայությունը: Հայաստանում իրականում մնացել են քաղաքական ուժեր, որոնք անվանապես զբաղեցնելով ընդդիմության տեղը, իրականում ամբողջությամբ գործում են իշխանության դաշտում:

Այդ հարցում առաջատարը, իհարկե, Դաշնակցությունն է, որի ներկայացուցիչները երեկ խորհրդարանում ընդհանրապես չմասնակցեցին բյուջեի մասին օրենքի քվեարկությանը: Չմասնակցեցին, բայց շարունակում են իրենց անվանել ընդդիմություն: Իրենց անվանում են ընդդիմություն՝ շունչները պահած սպասելով, թե երբ է իշխանությունը բարեհաճելու կոալիցիա կազմել ու մի քանի նախարարական պորտֆել տալ: Միգուցե՝ նաև մեկ-երկու մարզպետի կամ վարչության պետի… Բայց բյուջեի քվեարկությունն ընդդիմության բացակայության մասին վկայող միակ ապացույցը չէ:

Կիրակի օրը կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, ավելի քան 400 հազար քաղաքացիներ «Ոչ» քվեարկեցին: Այդքան քաղաքացի իրականում «Ոչ» էր ասել ոչ թե՝ Սահմանադրությանը, այլ՝ այն ներկայացրած իշխանությանը: Այսինքն՝ Հայաստանում, ամենանվազագույն հաշվարկով, 400 հազարից ավելի քաղաքացի դեմ է իշխանությանը, կամ որ նույնն է՝ ընդդիմադիր է: Սակայն փողոցում իշխանության դեմ պայքարող ընդդիմությունն այդ բողոքական զանգվածի անգամ 1 տոկոսին չի կարողանում հրապարակ բերել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից